Ճապոնիայի հարավարեւելքում երկրաշարժի հետեւանքով զոհվել է ինը մարդ, 860 –ը վնասվածքներ է ստացել, հայտնում է Kyodo գործակալությունը:

Ճապոնական Կյուսյու կղզու հարավում 6.5 մագնիտուդով երկրաշարժից հետո ավելի քան 100 հետերկրաշարժային ցնցում է եղել, հայտնել է Ճապոնիայի Գլխավոր օդերեւութաբանական վարչության ներկայացուցիչը Տոկիոյի մամուլի ասուլիսում:

«Դեպքի վայրում շարունակվում են ուժեղ աֆթերշոկային ցնցումները: Դրանք շարունակվելու են եւս յոթ օր: Խնդրում ենք չմոտենալ վնասված շենքերին»,- ասել է վարչության ներկայացուցիչը:

Կյուսյու կղզում տարհանվել է գրեթե 45 հազար բնակիչ, հայտնում է ԿՊ-ն:

Ապրիլի 14-ին Կյուսյու ճապոնական կղզում 6.5 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Ամենաուժեղ ցնցման ուժգնությունը հասել է 7 բալի, ինչն առավելագույն ցուցանիշն է ճապոնական սանդղակով: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Կումամոտո պրեֆեկտուրայում, օջախը 11 կիլոմետր խորության վրա էր: