Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 77-ի, վիրավորների թիվը՝ 588-ի, հաղորդում է Էկվադորի նախագահի վարչակազմը՝ Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ նշվել էր 41 զոհի մասին։
Այս երկրաշարժն ամենահզորն է այդ երկրում 1979 թվականից ի վեր։ Աղետը զգալի վնաս է հասցրել, հատկապես շատ է տուժել երկրի արեւմտյան ափը եւ Գուայակիլ քաղաքը։ Իշխանությունները մարդկանց խորհուրդ են տալիս լքել առափնյա շրջանը, քանի որ մտավախություն ունեն, որ հզոր ալիքներ կլինեն։
Երկրի նախագահ Ռաֆայել Կորեան ընդհատել է իր այցն Իտալիա եւ վերադառնում է հայրենիք։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 17-ին, տեղական ժամանակով ժամը 03.58-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.8 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Էկվադորում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մուսինե քաղաքից 28 կմ հեռավորության վրա դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 20.2 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7.8 բալ:











