ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ ճիշտ է արել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Մոսկվա մեկնելով:

«Երկրի վարչապետը պետք է զգացմունքներով որոշում չկայացնի, մենք պետք է մտածենք մեր պետության շահերից ելնելով»,- այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը, որը մասնակցում էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին:

«Երբ ՌԴ կառավարության ղեկավարը այցելել էր Հայաստան, նա խնդրեց, որ ես մասնակցեմ: Ես, իհարկե, կարող էի չմասնակցել ու հաճոյանալ ժողովրդի այն  հատվածին, որն ասում էր՝ մի գնացեք, պատիվ չի բերի, բայց կարծում եմ՝ գնալը շատ ճիշտ էր, արդյունավետ էր, մենք պետք է ամրապնդենք մեր դաշնակից պետությունների հետ հարաբերությունները»,-նշեց ՀՀ վարչապետն ու հավելեց. «Այնտեղ առաջին իսկ պահին որոշում կայացվեց, որ մայիսի 20-ին Երեւանում անցկացվի ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստը»:

Նշենք, որ ապրիլի 8-ին պետք է Երեւանում կայանար Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, սակայն նիստը չէր կայացել Ղազախստանի պահանջով, որպեսզի հակամարտության սրման պայմաններում նիստը չդիտարկվի որպես աջակցություն Հայաստանին: Սա դժգոհության ալիք էր բարձրացրել հայ հասարակության շրջանում:

Խնդիրն այն է, որ առանց որեւէ կողմի մասնակցության այդ նիստը պարզապես չէր կարող կայանալ, քանի որ ըստ կառույցի կանոնակարգի, որեւէ որոշում հնարավոր չէ կայացնել, եթե կողմերից մեկը ներկա չէ:

Այս առնչությամբ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ իրենք չեն ցանկացել պաշարված ամրոցի կեցվածք ընդունել: