ՀԱԿ խմբակցությունը կհրաժարվի Ընտրական օրենսգրքի նախագծի 2-րդ ընթերցման քննարկումից, եթե ԱԺ-ն չհամաձայնի ուսումնասիրել ընդդիմության պահանջները արտահերթ կարգով։ Այս մասին մայիսի 16-ին խորհրդարանում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները քվեարկածների ցուցակները չհրապարակելու մասին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը վերածել են աղոթագրքի։ Սակայն այդ նույն իշխանությունները ամբողջովին անտեսում են Վենետիկի հանձնաժողովի այն դիտարկումները, որ ընտրական օրենսդրությունում արմատական փոփոխությունները պետք է կատարել ընտրություններից մեկ տարուց ոչ ուշ։ «ՄԱԿ-ը, ԵՄ-ն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մեր քննարկումների ժամանակ կոնսենսուսի են սպասում, համապարփակ գործընթացի են սպասում, որում իրենց ներդրումը կունենան բոլոր քաղաքական ուժերը։ Հայտարարում ենք, եթե դուք արտահերթ նիստ չխոստանաք, մենք կդադարեցնենք 2-րդ ընթերցման քննարկումներին մեր մասնակցությունը»,- ասել է Զուրաբյանը։











