ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ասում էին, որ օր առաջ պետք է հաստատվի վերահսկման մեխանիզմների մոնիթորինգի ռեժիմը եւ հայկական կողմը դրան դեմ չէ: Այս մասին Վիեննայից վերադառնալու ճանապարհին օդանավում լրագրողներին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին Վիեննայում կայացած հանդիպման արդյունքներին:
Նրա խոսքով, կավելանա ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի լիազորությունները եւ անձնակազմը։ «Որքան շուտ այնքան լավ, քանի որ փոխադարձ մեղադրանքները գործին չեն օգնում։ Անհրաժեշտ է հստակ ապացույց եւ մենք շահեկան դիրքում կլինենք, որովհետեւ երբեք մենք առաջինը չենք խախտում, քանի որ երբեք դա մեզ պետք չի»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ նախագահն ընդգծեց, որ վերահսկման մեխանիզմների ներդրման հարցում հայկական կողմը խնդրողի վիճակում չի եղել: « Մոնիթորինգի ռեժիմը հաստատելու հարցում խնդրողի վիճակում չէինք, ուղղակի ես զարգացրեցի համանախագահների առաջարկությունը` մոնիտորինգի համակարգ ձևավորելու համար: Այնպես որ, եթե Ադրբեջանը համաձայն չլիներ, նրանք կառարկեին: Մոնիտորինգի հաստատման որևէ նախապայման չի եղել: Եվ չգիտեմ` ո՞ր ադրբեջանցիներն են պնդում զորքերի դուրսբերման, դրանից հետո մոնիտորինգ հաստատելու մասին, բայց ես գործ ունեմ Ադրբեջանի նախագահի հետ, որն այդպիսի բան չհայտարարեց այնտեղ»:
Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում կայացած բազմակողմ հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն էին ընդունել:











