Հունիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունը:

Ողջունելով տիկին Վասալին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունների կապակցությամբ եւ կարեւորեց Մարտին Վասալի անձնական ներդրումը երկկողմ փոխգործակցության խորացման գործում:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ միջպետականին զուգահեռ ակտիվորեն զարգանում է նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը, ինչի վկայությունն են մշտական փոխայցելությունները եւ իրականացվող համատեղ ծրագրերը: Զրուցակիցները կարեւորեցին ֆրանսահայ համայնքի դերակատարությունը՝ երկու երկրների բարեկամության ամրապնդման եւ ընդլայնման գործում։

Մարտին Վասալը ներկայացրեց Բուշ դյու Ռոն դեպարտամենտի ներկայացուցչական պատվիրակության այցելության նպատակը, Բուշ դյու Ռոնի եւ Հայաստանի մարզերի միջեւ փոխգործակցության ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները։

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները եւ դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։