ՀԱՊԿ-ում հայկական նախագահության կողմից ծավալուն աշխատանք է իրականացվել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ-ում հայաստանյան նախագահության առաջնահերթությունների կատարման ընթացքին։
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը եւ հետեւողական ջանքերին՝ կառույցի անդամների միջեւ փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիկոլայ Բորդյուժան գոհունակությամբ արձանագրեց ՀԱՊԿ-ում հայկական նախագահության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքը՝ իր աջակցությունը հայտնելով դրա իրականացմանը:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակելու է նախաձեռնողական եւ ակտիվ լինել ՀԱՊԿ-ում՝ փորձելով՝ իր նպաստը բերել կառույցն առավել արդյունավետ դարձնելու գործին: Այս առումով կողմերը կարեւորեցին անդամ երկրների կողմից կառույցին անդամակցությունից բխող պարտավորությունների լիակատար իրականացումը:
Զրուցակիցները քննարկեցին կազմակերպության օրակարգային հարցեր, անդրադարձան միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցությանը եւ արտաքին քաղաքականության համադրմանը, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ-ի եւ միջազգային կազմակերպությունների միջեւ համագործակցության շուրջ։











