Բոլոր ամերիկացիները պետք է մտահոգվեն հրաձգության պատճառով, որի հետեւանքով զոհվեցին Էլթոն Սթեռլինգը եւ Ֆիլանդո Կաստիլյոն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ նշելով, որ դրանք եզակի դեպքեր չեն:

«Անկախ հետաքննությունների արդյունքներից՝ ակնհայտ է, որ այդ սպանությունները եզակի դեպքեր չեն: Դրանք ավելի ընդարձակ խնդիրներ են արդարադատության համակարգի, ռասայական անհավասարության շրջանակում: Մենք կարող ենք եւ պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվազեցնենք իրավապահ մարմիններում ռասայական կողմնակալությունը»,- ասել է Օբաման:

Համացանցում մի քանի օրվա ընթացքում երկրորդ տեսանյութն է հրապարակվել, որում պատկերված է ոստիկանի արձակած գնդակից Մինեսոտա նահանգում աֆրոամերիկացի Ֆիլանդո Կաստիլյոյի մահը: Տեսանյութը նկարահանել է զոհվածի ընկերուհին:

Մեկ օր առաջ էլ Լուիզիանայում երկու սպիտակամորթ ոստիկաններ աֆրոամերիկացու ուղղությամբ կրակել են Բաթոն Ռուժ քաղաքում: