Գիտնականները վաղուց են փորձում հասկանալ, թե ինչպես կարելի է բնութագրել վստահություն ներշնչող հայացքը, որն է իրար աչքերի մեջ նայելու օպտիմալ տեւողությունը ու որն է որոշ զույգերին բնորոշ հայացքի գաղտնիքը: Այս հարցերից մեկին պատասխանել է բրիտանացի ֆիզիոլոգների նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Royal Society Open Science ամսագրում:
Գիտնականների կարծիքով բիբերի փոփոխությունը, որը վկայում է ֆիզիոլոգիական գրգռման մասին, կապակցված է տեսողական կոնտակտի տեւողության հետ: Եվ այս հարցում աշխատում է ոսկե միջինի սկզբունքը՝ չափից կարճատեւ կամ չափից երկարատեւ հայացքը տհաճ է մարդու համար: Չափից կարճատեւ տեսողական կոնտակտը վստահություն չի ներշնչում: Մյուս կողմից էլ չափից երկարատեւ ու սեւեռուն հայացքը շատերն անտեղի է թվում:
Հետազոտողները մի փոքրիկ փորձ են իրականացրել 498 կամավորների մասնակցությամբ: Նրանք բոլորը պետք է դիտեին հատուկ տեսահոլովակ, որտեղ դերասանը էկրանից ուղիղ նրանց է նայում: Փորձի մասնակիցները պետք է սեղմեին կոճակը, հենց տեսողական կոնտակտը նրանց համար տհաճ կամ անհարմար դառնար :
Գիտնականները հետեւել են փորձի մասնակիցների աչքերի շարժումներին ու բիբերի չափերին: Սեւեռուն հայացքի նախընտրելի տեւողությունը միջինը կազմել է 3.3 վայրկյան (պլյուս մինուս 0.7 վայրկյան) : Նաեւ նշել են, որ որքան երկար է մարդը ցանկացել նայել ինչ- որ մեկի աչքերի մեջ, այդքան արագ են լայնացել նրա բիբերը, սակայն այդ առանձնահատկությունը հնարավոր նկատել առանց հատուկ սարքավորման: Գիտնականները նաեւ պարզել են, որ հայացքի տեւողությունը կապ չունի այնպիսի բնութագրերի հետ, ինչպիսիք են սեռը, բնավորությունը կամ գրավչությունը, հայտնում է «Վոկրուգ սվետան»:











