Ակնկալում ենք ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի միջոցով կյանքի կոչել ազատ տեղաշարժի եւ ժողովուրդների միջեւ կապերն ամրապնդելու մեր ընդհանուր հանձնառությունը: Այս մասին, Կիեւում, հուլիսի 11-ին, Արեւելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էին Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը։
Ելույթ ունենալով հանդիպմանը` նախարար Նալբանդյանը նշեց. «Այս տարի մենք արդեն երկու անգամ հանդիպել ենք՝ Պրահայում եւ Բրյուսելում՝ քննարկելու Եվրոպական միության հետ համագործակցության մեր տեսլականը եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ հարաբերությունների հեռանկարները: Հուսով ենք, որ ԵՄ-ն կկարողանա շուտափույթ հաղթահարել Բրեքսիթի արդյունքում ստեղծված իրավիճակը: Հայաստանը շարունակելու է Եվրոպական միության, ԵՄ անդամ երկրների, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության հետ փոխգործակցությունն առավել զարգացնելուն եւ խորացնելուն ուղղված ջանքերը:
Այս ձեւաչափով Թբիլիսիում կայացած մեր վերջին հանդիպմանը հաջորդած ամիսները բեղմնավոր էին Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսակետից: Անցյալ տարվա դեկտեմբերին մեկնարկեցին Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ նոր շրջանակային փաստաթղթի շուրջ բանակցությունները: Այս համաձայնագիրն արտացոլելու է մեր երկկողմ հարաբերությունների խորությունը եւ էությունը, ինչպես նաեւ նոր ուղեցույցեր է նախանշելու՝ ամուր եւ համընդգրկուն գործընկերության համար: Մինչ օրս բանակցությունների չորս փուլ է անցկացվել, որոնց արդյունքում շոշափելի առաջընթաց է արձանագրվել:
2015թ. մայիսին կայացած Ռիգայի գագաթաժողովի արդյունքները եւ ընդունված Համատեղ հռչակագիրը նախանշեցին առաջիկա տարիներին մեր գործընկերության եւ համագործակցության միասնական տեսլականը:
Անցած տարվա դեկտեմբերին ստորագրվել է Փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության (COSME) ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը: Մեկ ամիս առաջ Հայաստանը միացել է հետազոտության եւ նորարարության «Հորիզոն 2020» ծրագրին: Մենք նախատեսում ենք մոտ ապագայում միանալ նաեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին, որն առաջարկում է մշակութային փոխանակումների առավել լայն շրջանակ, ինչպես նաեւ ակնկալում ենք այս տարի սկսել Ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Մեր հասարակություններն առավել մերձեցնելու կարեւոր նախապայմաններից մեկը շարունակում է մնալ շարժունակությունը: Մեկ ամիս առաջ Երեւանում անցկացվեց մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման մասին համաձայնագրերի իրականացման հարցերով մոնիտորինգային համատեղ կոմիտեների երրորդ հանդիպումը: Կողմերն արձանագրեցին այդ համաձայնագրերի հաջող իրագործումը: Ակնկալում ենք մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի միջոցով կյանքի կոչել ազատ տեղաշարժի եւ ժողովուրդների միջեւ կապերն ամրապնդելու մեր ընդհանուր հանձնառությունը»:
Խոսելով Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին` Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Հայաստանի կառավարությունը շարունակում է ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների գործընթացը: Մայիսի 25-ին Ազգային ժողովն ընդունեց նոր Ընտրական օրենսգիրք: Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ համատեղ եզրակացության մեջ գոհունակությամբ արձանագրվում են «իշխանությունների կողմից գործադրված շոշափելի ջանքերը՝ հաշվի առնելով ներքին շահառուների լայն ներգրավման հիման վրա արված առաջարկությունները», եւ նշվում է, որ «ընտրական օրենսգրքի նախագիծը կարող է համապատասխան հիմք ապահովել ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար»:
Լրացուցիչ առաջընթաց ապահովելու նպատակով՝ Հայաստանի կառավարությունը շարունակեց աշխատել ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ, ինչի արդյունքում կառավարության եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների միջեւ կնքվեց Ընտրական օրենսգրքում նոր փոփոխություններ ընդգրկելու վերաբերյալ պայմանավորվածություն՝ ուղղված Հայաստանում ընտրական գործընթացներն առավել արդար, համընդգրկուն եւ թափանցիկ դարձնելուն:
Այս համատեքստում թույլ տվեք նշել, որ մենք մեծապես կարեւորում ենք տարիների ընթացքում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերված շարունակական աջակցությունը եւ օժանդակությունը, որը կարեւոր դերակատարություն է ունեցել Հայաստանում բարեփոխումների իրականացման եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում»:











