Նիսի ողբերգության ականատեսները NEWS.am–ին մանրամասներ են պատմել նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունից։

«Մենք ափին էին, երբ բեռնատարը մխրճվեց մարդկանց բազմության մեջ։ Մենք լսեցինք, որ կրակում են, առաջին պատահած տանը մեր առաջ դուռը բացեցին։ Մենք մուտքով մտանք եւ 15 րոպե այնտեղ նստեցինք, մինչեւ այդ ամենն ավարտվեց»,– NEWS.am–ի թղթակցին պատմել է Պոլինա Տոնին, որը ընկերների հետ մտադիր էր հետեւել տոնական հրավառությանը (ֆոտոռեպորտաժ

«Ես նստած էի տեռասում, ընթրում էի, եւ երբ բեռնատարը մխրճվեց բազմության մեջ, ես ամեն բան տեսա։ Ես չեմ կարողանում ուշքի գալ։ Ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ–որ  մեկը նետվեց ծովը, մարդիկ փախչում էին դեպի լողափ, ինչ–որ մեկը նետվեց մոտակա շենքը»,– պատմում է Աննան։

«Նիսը շոկի մեջ է։ Ինչ–որ պատճառով ես երեկ չգնացի լողափ։ Եվ փառք Աստծու։ Հիմա ամեն բան փակ է, լողափերը փակ են։ Ափին գտնվող դեսկոտեկը հիվանդանոցի պես մի բանի են վերածել, այնտեղ առաջին օգնություն են ցուցաբերում»,– մեզ հետ զրույցում պատմել է Նիսի բնակիչ Քրիստինան։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 22։30-ի սահմաններում, Նիսի Անգլիական ափին հավաքված մարդկանց խմբի մեջ մեծ արագությամբ բեռնատար էր մխրճվել։ Վարորդը մարդկանց մեջ էր մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնական հրավառության ժամանակ։ Բեռնատարը, մոտ 2 կմ զիգզագաձեւ շարժվելով, փորձել է հնարավորինս շատ մարդկանց ճզմել։ Հետո վարորդը կրակ էր բացել մարդկանց վրա։ Ոստիկանության գործողությունների արդյունքում նա սպանվել էր։ Բեռնատարի մեջ հայտնաբերվել էր մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է ավելի քան 80 մարդ, այդ թվում՝ երեխաներ։

Վարորդը ծագումով թունիսցի Ֆրանսիայի քաղաքացի է։ Նա 31 տարեկան է։ Նախկինում ոստիկանության ուշադրության կենտրոնում էր հայտնվել գողության եւ խուլիգանության համար։.