Մոտ հարյուր ակտիվիստներ քիչ առաջ Ազատության հրապարակից հասան Խորենացի փողոց, որտեղ գտնվում է հուլիսի 17-ին զինված խմբի կողմից գրավված ոստիկանության ՊՊԾ գունդը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարներին Խորենացի փողոցում դիմավորել են պատ կազմած ոստիկանները: Քաղաքացիները «Ազատ, անկախ Հայաստան» կոչերով եկան դեպի ոստիկանները եւ արդեն 30 րոպեից ավելի պարզապես կանգնած են, որեւէ պահանջ չեն ներկայացնում:

Նշենք, որ այս պահին ոստիկանական ուժեր են կենտրոնացվում Խորենացի փողոցի վրա: Այստեղ են ՀՀ փոխոստիկանապետեր Լեւոն Երանոսյանն ու Սամվել Հովհաննիսյանը, որոնք հրաժարվում են խոսել լրագրողների հետ:

Ցուցարարները քիչ առաջ կոչ արեցին ոստիկանությանը չգրոհել, քանի որ դա կբերի արյունահեղության։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք Էրեբունիում գրոհով վերցրել են ՊՊԾ գունդը եւ պատանդ են վերցրել ոստիկանության սահմանափակ թվով ծառայողների: Մեկ ոստիկան՝ նույն գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը զոհվել է: Վիրավորվել են եւս չորս ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը, օպերատոր Ռոբերտ Հայրապետյանը, նաեւ ՊՊԾ գնդի գրոհին մասնակցած անձանցից մեկը։