Սարի թաղում հուլիսի 30-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների հետեւանքով աչքը կորցրած անչափահաս Սայաթ Հարությունյանը մի քանի օրից կնշի 17-ամյակը։ Սայաթը Վարդենիսի Շատվան գյուղից է, 11-րդ դասարանում է սովորում։ Այդ օրը Երեւան էր եկել ծննդյան օրվան պատրաստվելու առիթով։ Նա բողոքի ակցիաներով, ցույցերով ու երթերով երբեք չի հետաքրքրվել։ Սարի թաղում հորեղբայրն է ապրում։ Որոշել է հորեղբոր որդուն այցելել, սակայն ճանապարհների փակ լինելու պատճառով ցույցի մասնակիցների հետ է բարձրացել։ Հորեղբոր տան փողոցը շփոթել ու մնացել է երթի մեջ։ Երբ տեսել է, որ մարդիկ երգելով, բարձր տրամադրությամբ երթ են անում, շարունակել է մնալ՝ չպատկերացնելով, որ հայրենակիցները ցույցը կցրեն ուժ եւ բռնություն գործադրելով։ NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ երբ աչքը դուրս եկած վիճակում, արյունոտ ձեռքերով ու դեմքով մոտեցել է ինչ-որ մեկին օգնություն խնդրելու, վերջինս օգնելու փոխարեն մահակով հարվածել է իր ոտքին։ Սայաթը ենթադրում է, որ նա ոստիկան էր, քանի որ շղթայի մեջ էր եւ իր հիշելով՝ համազգեստով էր։
«Հուլիսի 29-ին քրոջս՝ Սվետայի հետ գյուղից եկա Երեւան, ինքը գնաց գործի, ես գնացի ոտքով քայլելու։ Ցույց էր ու ասեցին՝ երթ պիտի կազմակերպեն։ Ուզեցի ավելի շուտ գնամ իրենցից։ Սարի թաղ չհասած՝ տեսա՝ բոլոր ճանապարհները փակ էին, ասեցի՝ ոտքով քայլեմ, հետո երթը հավասարվեց ինձ ու ես էլ սկզբից եմ գնում, ուրախ երգելով պարելով գնում էին, ես մտածեցի իրանց հետ բարձրանամ Սարի թաղ, հորեղբորս տունը 2-րդ փողոցում էր։ Պիտի մտնեի փողոց, խառնեցի փողոցը, հետո ձայների հետեւից գնացի միացա երթին, ասեցի՝ ոչինչ, երթին բան չի լինի, իրենց հետ կվերադառնամ Օպերա, հետո քրոջս հետ կբարձրանամ։ Ես էլ նենց էի որոշել, որ չեզոք տեղ կանգնեմ, որ ինձ բան չպատահեր․․․ Հետո ձայներ եկան, ոստիկանների կողմից պայթյուններ տեղի ունեցան ու ցուցարարները հետ քաշվեցին։ Որ ոստիկանները նռնակներ նետեցին, բոլորը հետ փախան, ես էլ հետ քաշվեցի, եկա ամբոխի կենտրոն, որ աջ ձախ, հետ առաջ մարդիկ կային»,-պատմեց Սայաթը։
Ըստ նրա՝ ոստիկանության եւ երթը առաջնորդնողների բանակցությունից կարճ ժամանակ անց հանկարծակի սկսվել են պայթյունները․ «Միամիտ, հանկարծակի կրակոց սկսվեց, պայթյուններ, ռումբերը նետեցին, ամբոխի մեջ տրաքեց։ Մեկը պայթեց՝ ոտքս վնասվեց։ Հետո խուճապ առաջացավ մեջս, որ վազեցի, 4-րդ նռնակը պայթեց աչքիս առաջ, զգացի, որ աչքս վնասվեց։ Չէի պատերացնում՝ հետս ինչ է կատարվում։ Գլուխս պտտվում էր, չէի լսում ոչինչ, չէի էլ տեսնում էդ պահին, ինչ գերբնական ուժ ստիպեց, որ ոտքի կանգնեմ։ Խուճապահար եղած վազեցի, շորերս ու ձեռքերս արյուն, մոտիկացա ինչ որ մեկի, որի ձեռքին կար դուբինկա։ Չեմ կարող հիշել, ոնց որ ոստիկան էր, որովհետեւ շղթա էր կազմած ու մարդիկ նրանց միջով էին վազում։ Ինչ-որ համազգեստով էր, կոնկրետ չեմ հիշում մոտիկացա օգնություն խնդրելու, հարվածեց ոտքիս»։
Հուսահատված Սայաթը այլեւս չվստահելով որեւէ մեկին՝ աչքը կորցնելու վտանգից տագնապած վազելով փորձել է դուրս պրծնել այդ հատվածից ու հանդիպել է բժշկի, որն էլ իրեն առաջին օգնությունն է ցույց տվել, տեղափոխել հիվանդանոց։ Հենց նույն օրը վիրահատել ու հեռացրել են վնասված աչքը։
Սայաթը հույս ունի, որ գոնե պրոթեզավորման հարցերը կլուծվեն, ինչից հետո նա կլծվի իր կրթական ծրագրերի իրագործմանը։ Եթե մինչեւ չարաբաստիկ օրը 11-րդ դասարանցի Սայաթի ուշքն ու միտքը պարապելն ու համալսարան ընդունվելն էր, ապա հայրենի ոստիկանության գազանությունից հետո՝ շուտափույտ ապաքինումը, աչքի որակյալ պրոթեզավորումը։
«Ո՞վ պիտի տա պատասխանը, ես չգիտեմ՝ ո՞վ ա արել, հիմա դնեմ բոլոր ոստիկանների հետ թշնամանա՞մ, ո՞վ ա արել, ես չգիտեմ։ Ես բողոքում եմ, ամեն քայլի էլ գնալու եմ»,-վրդովված ասաց Հայրը՝ Ռոման Հարությունյանը։
«Ի՞նչ կապ ունի ցուցարար է, թե չէ, ինչ է, պիտի տան քյոռփեքի աչքերը հանե՞ն, սա ես ո՞նց մոռանամ, սա մոռանալ կլինի՞։ Հլը ձեռքերը նկարի, սաղ մազոլ են, ամբողջ ամառ երեխեն տաջնվել աշխատել էր, որ գար իրան շոր առներ, ծնունդ աներ․․․»։











