Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան այսօր՝ օգոստոսի 6-ին «Սասնա ծռերի» անդամ Թաթուլ Թամրազյանի կալանքի որոշման նիստը պարբերաբար ընդհատվել է, քանի որ բժիշկները նրան 20 րոպեն մեկ ցավազրկող են ներարակել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա պաշտպան Մոնիկա Մարգարյանը՝ նշելով, որ Թաթուլ Թամրազյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը եղել է անհիմն:

«Հիմնավոր փաստարկ առ այն, որ Թաթուլ Թամրազյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքների հետ, գոյություն չունի:  Քննիչների՝ Թաթուլ Թամրազյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունն անհիմն էր, որեւէ նյութեր, տեղեկություններ չէին ներկայացվել կալանքի հիմքերը  հիմնավորելու համար:  Մենք դիմում ենք ներկայացրել ԱԱԾ, այնուհետեւ ՀՔԾ, որպեզի ինձ որպես պաշտպան ներգրավվեն եւ մինչ օրս չէին ներգրավվել: Հուլիսի  17-ից Թաթուլ Թամրազյանն ապօրինի անազատության մեջ է պահվում, նրան չեն ձերբակալել, արգելանքի չեն վերցրել, սակայն, տեսակցություններն արգելված են եղել, հնարավորություն չի ունեցել կապվել հարազատների հետ, տեղյակ պահել իր գտնվելու վայրի մասին: Այս հարցը եւս կվիճարկեմ, նաեւ կբողոքարկեմ  դատարանի այսօրվա անհիմն որոշումը: Դատարանը նաեւ մերժեց իմ միջնորդությունը  կալանքը գրավով փոխարինելու»,-ասաց փաստաբանը:

 Մոնիկա Մարգարյանը նաեւ նշեց, որ Թաթուլ Թամրազյանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել եւ ասել, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Թաթուլ Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 218-րդ հոդվածով՝ (պատանդ վերցնելը):

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երեւանի «Էրեբունի» հիվանդացի Վերակենդանացման բաժանմունքից Արմեն Լամբարյանին եւ Թաթուլ Թամրազյանին տեղափոխել են հիվանդասենյակ:

Հիշեցնենք, որ Թաթուլ Թամրազյանը վիրավորվել էր հուլիսի 17-ին՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: