Թուրքիայի հարավում քրդերով բնակեցված Գազիանթեփ քաղաքում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել: Զոհվել է առնվազն 30 մարդ, մոտ 100 մարդ վիրավորում է ստացել, հայտնել է CNN Turk հեռուստաալիքը:

Ոստիկանության վարկածով մահապարտ ահաբեկիչը ինքն իրեն պայթեցրել է մարդկանց բազմության մեջ, երբ մարդիկ փողոց էին դուրս եկել՝ իրենց տոնակատարությունը այնտեղ շարունակելու:

Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկը կատարվածը ահաբեկչություն է որակել, նրա խոսքով սարքը մահապարտ ահաբեկիչն է գործի դրել:

Թուրքիայում գործող ծայրահեղական կազմակերպություններից ոչ մեկը դեռ պատասխանատվություն չի ստանձնել այդ հարձակման համար: Գազիանթեփը Սիրիայի հետ սահմանից մոտ 60 կմ հեռավորության վրա է գտնվում: