Վերաքննիչ քրեական դատարանում այսօր՝ օգոստոսի 22-ին, քննվում է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի կալանքի ժամկետը երկարացնելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի առջեւ են հավաքվել Ներսես Պողոսյանի ընտանիքի անդամները։ Դատարանի առջեւ են նաեւ Ներսեսի երեք անչափահաս երեխաները՝ «Ազատություն հայրիկիս» գրությամբ պաստառներով։
Ներսես Պողոսյանի կինը՝ Լիա Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր ամուսինը ոչ մի կապ չունի առաջադրված մեղադրանքի հետ։ Նրա խոսքով՝ իր ամուսինը այդ օրը եղել է աշխատանքի վայրում, մեքենայով ոչ մի վթարի չի ենթարկվել, խուզարկության ժամանակ էլ զենք ու զինամթերք չի հայտնաբերվել նրա մեքենայի միջից։
Լիա Պողոսյանը պատմեց, որ Ներսեսը եղել է ցույցերի ակտիվ մասնակից, սակայն անձնապես չի ճանաչել Ժիրայր Սեֆիլյանին։ Ըստ կնոջ՝ Ներսես Պողոսյանը ձերբակալվել է նույն գործով կալանավորված Հովհաննես Պետրոսյանի տված սուտ ցուցմունքի հիման վրա։ Նրան Ներսեսի կինը մի քանի անգամ իրենց տան է տեսել ու գիտի, որ ամուսնու հետ ցույցերից մեկին է ծանոթացել։
Կինը նշեց, որ իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե իր ամուսինը Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել։
«Նա մինչեւ հիմա ոչ մի ցուցմունք չի տվել, եւ նրա մասնակցությամբ էլ քննչական գործողություններ չեն անցկացվել»,- ասաց կինը։
Լիա Պողոսյանը նշեց նաեւ, որ իր ամուսնուն կալանավորելուց հետո իրենց տանը նույնպես խուզարկություն է իրականացվել, սակայն զենք, զինամթերք չի հայտնաբերվել։
«Առավոտյան 6 անց կես 15 դիմակավոր անձիք լցվել են մեր տուն, երբ մենք քնած ենք եղել եւ մինչեւ հիմա իմ երեք անչափահաս որդիները վախեցած են, քանի որ այդ դիմակավոր անձինք օրորոցներն անգամ քանդում էին, զենք փնտրում մեջը, երբ երեխաները քնած էին»,- ասաց Լիա Պողոսյանը։
Ներսես Պողոսյանի հարազատները նրան քաղբանտարկյալ են համարում ու կարծում, որ նրան կալանավորել են ցույցներին մասնակցելու համար։
Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Այս քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։











