ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, բացվել է Հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքը: Ֆակուլտետի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Տեղի ունեցավ նաեւ համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման  եւ օծման արարողություն:

Զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման եւ  օծման արարողությունից հետո Հանրապետության նախագահը եւ  արարողության մասնակիցները ծաղիկներ դրեցին խաչքարին, հարգանքի տուրք մատուցեցին:

Լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերի զարգացման ուղղությունների մեջ ամենակարեւորը ռազմական կրթության բաղադրիչի զարգացումն է եւ այդ ուղղությումբ վերջին տարիներին բավականին լուրջ աշխատանք է կատարվել: Նրա խոսքով, ձեւավորվել է ճանապարհային այն քարտեզը, որով հայոց բանակի պրոֆեսիոնալ զինծառայողը պետք է կրթվի եւ այնուհետեւ նաեւ գործնական ծառայության ընթացքում ձեռքբերած գիտելիքներն ամրապնդի, հմտանա եւ ունենա համապատասխան մտածելակերպ առօրյա գործունեությունն իրականացնելու համար:

«Մագիստրոսական աստիճանով ուսուցումն հենց այստեղ՝ Հրամանատարաշտաբային ֆակուլտետում պետք է ստանան, ըստ էության, սա մեր ռազմական ակադեմիան է: Կարելի է ասել, որ ամբողջ ճանապարհային քարտեզն արդեն ավարտված է եւ այս համալիրը հնարավորություն է տալու մեր սպաների մոտ ձեւավորել օպերատիվ մտածելակերպ, նրանք համապատասխան գիտելիքներ են ձեռքբերելու որպեսզի կարողանան ժամանակակից համազորային օպերացիաները, մարտական գործողություններ մշակել, ցանկացացծ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել: Այս կրթական համալիրը համապատասխան բոլոր հնարավորություններով օժտված է, բավարար կադրեր ունենք, որովհետեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը այսօր ունի այն կադրերը, որոնք տարիների փորձ են ձեռք բերել, բացի այդ ՀՀ զինված ուժերում ծառայում են սպաներ, որոնք փորձառություն են ձեռք բերել  ոչ միայն մեզ մոտ, այլեւ օտարերկրյա ռազմական համալսարաններում ուսում ստացել: Նաեւ այստեղ դասախոսներ կհրավիրենք եւ ՌԴ-ից, եւ ՀԱՊԿ  երկրներից , եւ արեւմտյան երկրներից, որոնք կփորձեն իրենց գիտելիքների համադրմամբ ձեւավորել ներազգային կրթական ցենզը»,-ասաց նախարարը:

Նշենք, որ նորաբաց Հրամանատարաշտաբային ֆակուլտետի կազմում մտնում են միջազգային եւ ազգային անվտանգության, ռազմարվեստի, ռազմամասնագիտական առարկաների ամբիոնները:

Ֆակուլտետում իրականացվող դասընթացների տեւողությունը 11 ամիս է, որի ընթացքում ուսումնասիրվելու են միջազգային եւ ազգային անվտանգության, առաջնորդման եւ կառավարման ու ռազմական մասնագիտության կրթաբլոկների առարկաները: