Արցախի անկախության 25-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին, հանրությանն է ներկայացվում «Ճանաչենք մերօրյա հերոսներին» խորագրով ծրագիրը, որը հոլովակների միջոցով պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների մասին։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ այս ծրագիրն իրականացվում է երրորդ տարին «Աշխարհազոր» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Նախորդ երկու տարիներին տեսանյութերի միջոցով ներկայացված էին այն հերոս տղաները, ում շնորհիվ կերտվել են Արցախյան հաղթանակները։
«Աշխարհազոր» ՀԿ-ի նախագահ Րաֆֆի Գեւորգյանը նշում է, որ պատերազմը չի ավարտվել, եւ ապրիլին մեր զինծառայողների կյանքի գնով հաջողվեց կասեցնել հակառակորդի հարձակումն ու ամուր պահել մեր դիրքերը։ «Մենք որոշեցինք «Ճանաչենք մեր հերոսներին» շարքն այս անգամ նվիրել նորօրյա հերոսների հիշատակին։ Պատրաստվել է 100 հոլովակ։ Դրանք այսօրվանից սկսած տեղադրվում են «Աշխարհազոր» ՀԿ-ի յութուբյան էջում»,- ասում է Րաֆֆի Գեւորգյանը։
Զոհված տղաների մասին նյութերը, ըստ ՀԿ ղեկավարի, հավաքագրվել են մամուլից, համագործակցելով պաշտպանության նախարարության հետ՝ ճշգրտվել են տեղեկությունները, զինծառայողների սխրանքի պատմությունները, նրանց պարգեւատրումները եւ այլն։
Նախորդ տարիներին պատրաստած հոլովակները տարածվել են սոցիալական ցանցերով, հեռարձակվել են տարբեր հեռուստաընկերությունների կողմից։ Նորօրյա հերոսների մասին պատմությունները նույնպես ծրագրվում է հեռարձակել հեռուստաեթերով։
Րաֆֆի Գեւորգյանը նկատում է, որ այս թեման միշտ արդիական է, քանի որ միշտ էլ կարեւորագույն խնդիր է հերոսի կերպարի արժեւորումը, եւ որքան էլ ժամանակ անցնի, թե′ նախորդ սերնդի, թե′ մերօրյա հերոսները պետք է փառաբանվեն, եւ նրանց սխրանքը պետք է իմանա ցանկացած հայ մարդ։











