Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի եւ Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի ուսանողների մի մասն այսուհետեւ հնարավորություն կունենա ապրելու հանրակացարանային համալիրում։ Ուսումնական հաստատությունների հարեւանությամբ գտնվող համալիրի բացումը տեղի ունեցավ այսօր՝ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձի օրը։
«Սա պարզապես հանրակացարան չէ, սա հույս ու հավատ է ապագայի նկատմամբ, որ խաղաղությունը պիտի հաստատ լինի, մեր ժողովուրդը պիտի լծվի ստեղծագործ աշխատանքին։ Լեռնային Ղարաբաղի պատանիներն ու աղջիկներն իրենց ունակություններով չեն զիջում ոչ մի երկրի երեխանրի ունակություններին, պարզապես պետք է զբաղվենք նրանցով»,- բացմանը ելույթ ունեցավ Տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը։
Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը։
Հանրակացարանը կառուցվել է լիբանանահայ Նազարյանների ընտանիքի միջոցներով։ Նազարյանները նույնպես ներկի էին բացմանը։
Հանրակացարանում կարող է օթեւանել մինչեւ 200 ուսանող։
Երեք բուհերում սովորող մոտ 2000 ուսանողներից հանրակացարանում կբնակվեն նրանք, որոնք հեռավոր վայրերից են գալիս։











