Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա են առեւանգել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանությանը գողությունը բացահայտելու համար երկու օր է պահանջվել: Ոստիկանները մեքենան հայտնաբերել են օգոստոսի 24-ին, Գոգավանի անցակետում, եւ ուղեւորներով տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին:

ՌԴ քաղաքացիներ Անդրեյ Կ.-ն եւ Վասիլի Ռ.-ն միասին էին մեքենան տանտիրոջ բակից դուրս բերել: Նրանց խոսքով, ահազանգողի ամուսինը անպրինական կերպով էր մեքենան Հայաստան բերել: Ռուսաստանում վարձակալական հիմունքներով էր տրվել նրա ղեկավարած ընկերությանը, իսկ երբ վարձակալող կողմը գումարի մի մասը չէր վճարել, Մոսկվայում դատարանը որոշում էր կայացրել «Մերսեդեսը» վերադարձնել սեփականատիրոջը:

Անդրեյ Կ.-ն ու Վասիլի Ռ.-ն նշել են, որ եկել էին մեքենան Մոսկվա տանելու: «Մենք ունենք հատուկ ստորագրված ակտ, նա է ստորագրել, որ իրավունք ունենք վերցնելու մեքենան, քանի որ այն մեր սեփականությունն է: Ես սեփականատերն եմ, ինչու պետք է տեղյակ պահեմ մի մի մարդու, որն իրավունք չունի տնօրինելու մեքենան»,-ասել է Անդրեյը:

Վասիլին էլ հավելել է. «Մեքենան նրան տրված էր վարձակալման հիմունքներով, որի դիմաց նա պետք է ամսական վճարումներ կատարեր: Վճարումները դադարեցին, վարձակալական պայմանագիրը լուծարվեց, որից հետո մեքենան հայտնաբերվել եւ վերադրաձվել է օրինական տիրոջը»:

Իսկ ահա Մոսկվայից հայաստան եկած հայն էլ պնդել է, որ մեքենան լրիվ օրինական կերպով է բերել Հայաստան: «Մեքենան պատկանում է կազմակերպությանը, որը ղեկավարում եմ ես՝ գնված ապառիկ պայմանագրով: Մնացած 188 հազար ռուբլին պետք է վճարվեր, ու առանց զգուշացնելու, եկել տարել են մեքենան»:

«Մերսեդեսն» առգրավված է: