Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում, որտեղ համայնքի ղեկավարի ընտրություն է ընթանում, քիչ առաջ քաշքշուք է գրանցվել։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի տղամարդ մոտեցել է գյուղապետի կալանավորված թեկնածու, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կնոջը, ներկայացել որպես վստահված անձ եւ պահանջել, որ դադարեցնի ակցիան։ Ակցիա ասելով՝ նա նկատի ուներ հանգամանքը, որ Խանդոյանի կինը տեղամասում էր գտնվում նրա լուսանկարով շապիկով։
Այդ տղամարդու փաստաթղթերը ստուգել եւ պարզել են, որ նա վստահված անձ չէ։ Քաշքշուք է առաջացել, տղամարդուն դուրս են հանել ընտրատեղամասի տարածքից։
Այժմ Ծաղկահովիտում է նաեւ Արագածոտնի մարզի Արագածոտն բաժնի ոստիկանապետը, պարզում են միջադեպի հանգամանքները։
Միջադեպը գյուղապետի թեկնածու, «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի կինը ճնշում է համարում իրենց վրա:
«Ինձնից պահանջում էր հանել շապիկը, ասում էր, թե քարոզարշավ է, բայց այդպես չի, բոլորն էլ գիտեն, որ ես Արայիկի կինն եմ: Եթե վախենում են այս շապիկից, մտածում են թե այս կերպ կարելի է ինչ-որ բան անել, ուզում են ճնշում գործադրել, բայց հնարավոր չի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Անուշ Խանդոյանը:











