Քաղաքական ապագա ունեն միայն այն քաղաքական ուժերը, որոնք կարող են արժանապատիվ ընդունել իրենց պարտությունը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խորհրդարանում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե «ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ն ընտրությունները վերածել են ձայների գնման աուկցիոնի»:

«Երբ արժանապատիվ ընդունում ես պարտությունդ, ուրեմն դեռեւս կուսակցական կենսական ներուժ ունես՝ այդ խայտառակ պարտությունից հետեւություններ անելու: Այն քաղաքական ուժերը, իսկ այդպիսի ուժ կար, որն ունեցավ այնքան քաղաքական արժանապատվություն, որ հայտարարեց՝ իրենք ձախողվել են եւ կանեն լուրջ հետեւություններ: Այն ուժերը, որոնք գրավում են վերջին պատվավոր հորիզոնականը, եւ հետո փորձում են իրենց խայտառակ ձախողման մեջ մեղադրել ժողովրդին եւ քաղաքական ուժերին, ապա դրանք ապագա չունեն, այն ուժերը, որոնք մեղադրում են ամբիոնից, իսկ Գյումրիում եւ Վանաձորում բիրիքով վաճառել են հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց տեղերը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ կրկին հորդորելով պարտությունն ընդունել արժանապատվորեն:

Ըստ ԲՀԿ խմբակցության ղեկավարի՝ նման քաղաքական ուժերի խայտառակ պարտության պատճառները պետք է փնտրել իրենց մարտավարության, սխալներն անընդհատ չնկատելու, միակ հզորը, միակ գաղափարականը կարծելու, ավելին սոցիալական ցանցերում, փողոցում ասված դրական մեկ խոսքը քվեի վերածելու մեջ է:

«Աղանդավոր ֆեյքեր պահելը, որոնք պահպանում են իրենց աղանդավոր պապաներին, ոչինչ չեն փոխելու: Նրանք հանրային մտածողություն ստեղծող չեն: Պետք չէ միայն ակտիվանալ ընտրություններից երկու օր առաջ եւ փորձել կուսակցական մինի աշխատանք տանել, այլ ամեն օր պետք է տքնաջան աշխատել: Ասել, թե ԲՀԿ-ն առուծախի եւ աճուրդի մասնակից է եղել, դա առնվազն անպարկեշտ է, որովհետեւ ԲՀԿ-ն ստացել է այն, ինչ քաղել է իր աշխատանքի արդյունքում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: