40 տարի առաջ առեւանգված արգենտինացին գտել է իր ընտանիքին։ Նրան 40 տարի առաջ՝ «Կեղտոտ պատերազմի» ժամանակ, խլել էին մորից, հայտնում է NDTV –ն։
Անհետացած ազգականին գտել է «Պլասա դե Մայո տատիկի» շարժումը, որն այսպես կոչված առեւանգված սերնդի ներկայացուցիչներին օգնում է գտնել իրենց ազգականներին։
1976-1983թթ. Կեղտոտ պատերազմի տարիներին, երբ Արգենտինայում ռազմական խունտան պետական ահաբեկչություն էր իրականացնում, քաղբանտարկյալ մայրերից առեւանգած երեխաներին սպաների ընտանիքներին բաժանելը սովորական պրակտիկա էր։
Արգենտինացու մորը նույնպես բանտարկել էին որպես ընդդիմադրի։ Բանտում ծնված նրա երեխային խլել էին, իսկ նրա հորը՝ կալանավորել։
Նորահայտ ազգականի ազգակցական կապը հարազատների հետ ապացուցվել էր ԴՆԹ թեստի միջոցով։











