Բարձրագույն պրիմատները կարող են հասկանալ իրականության մասին ուրիշների պատկերացումների սխալականությունը։ Մի շարք փորձարկումներից հետո նման եզրակացության են հանգել մի խումբ մարդաբաններ՝ մի քանի համալսարաններից ու Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտից

Երկար ժամանակ համարվում էր, որ միայն մարդիկ կարող են հասկանալ, որ ուրիշի դատողությունները կարող են չհամապատասխանել իրականությանը։ Բայց մի խումբ մարդաբանների իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ շիմպանզեն, բոնոբոն ու օրանգուտանը նույնպես նման ունակություն ունեն։ Հետազոտության ժամանակ  14 շիմպանզե, ինը բոնոբո ու յոթ օրանգուտան երկու կարճ տեսագրություն են դիտել։ Առաջինում Քինգ Կոնգի կոստյումով մարդը թաքնվում էր երկու դեզերից մեկի հետեւում, իսկ այդ ընթացքում նրան մի տղամարդ էլ հետեւում։ Հետո տղամարդը հեռանում է եւ այդ ընթացքում  Քինգ Քոնգի կոստյումով մարդը փախչում է։ Հետո տղամարդը վերադառնում է ու փորձում է գտնել Քինգ Քոնգին։ Երկրորդ տեսագրությունում նույնն էր, միայն թե Քինգ Քոնգը քար էր թաքցնում տուփերից մեկում, իսկ տղամարդը պետք է գտներ այն։ Ընդ որում, երբ տղամարդը նրան չէր տեսնում,  Քինգ Քոնգը հանում էր քարը ու այն ձեռքը բռնած փախչում։

Հետազոտողները ստուգում էին, թե այդ տեսագրությունները դիտելիս ինչի մասին են մտածում կապիկները՝ հետեւելով նրանց հայացքին ինֆրակարմիր թրեքերի օգնությամբ։

Թեստն անցնելու համար կապիկները պետք է գուշակեին, որ տղամարդը վերադառնալուց հետո սխալմամբ կսկսի օբյեկտն այնտեղ փնտրել, որտեղ վերջին անգամ տեսել էր այն, չնայած կապիկներն արդեն գիտեին, որ դա այդպես չէ։ Երկու դեպքում էլ փորձի մասնակիցների մեծ մասը ամենաերկարն ու ուշադիրը նայում էին այն տեղին, որտեղ տղամարդը վերջին անգամ տեսել էր այդ օբյեկտը։ Ակնհայտ է, որ նրանք ակնկալում էին, որ տղամարդը  կկարծի, թե օբյեկտը այնտեղ է,  որտեղ ինքը վերջին անգամ տեսել էր այն։

«Սա առաջին դեպքն է, երբ ոչ մարդկային արարածը անցել է կեղծ համոզմունքների վերաբերյալ թեստի տարբերակներից մեկը»,- մեկնաբանել է հետազոտողներից մեկը, մարդաբան Քրսիտոֆեր Կրուպինյեն։ Հետազոտության արդյունքները հաստատում են, որ ուրիշի դատողությունների սխալականությունը հասկանալու ունակությունը միայն մարդկանց չէ բնորոշ, շիմպանզեի, բոնոբոյի, օրանգուտանների ու մարդկանց ընդհանուր նախնիների գոյության ժամանակներից սկսած՝ այսինքն շուրջ 13-18 մլն տարի շարունակ այդ ունակությունը զարգացած է եղել նաեւ բարձրագույն պրիմատների մոտ։

 Մարդկանց մոտ այդ հմտությունը զարգանում է  վաղ մանկության տարիներին՝ որպես կանոն հինգ տարեկանում։ Այդ հմտությունը անհրաժեշտ է, որպեսզի երեխան կարողանա լեզու գտնել մյուս մարդկանց հետ ու նախապես հասկանալ, թե ինչ կարող է անել դիմացինը։ Նաեւ դրա օգնությամբ կարելի է ստիպել ուրիշին հավատալ ստին։