Հայաստանի տնտեսական վիճակի վերլուծությունը վկայում է, որ ստանդարտ գործիքակազմով ու մեթոդներով չափազանց բարդ է զարգացում ապահովելը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ԱԺ-ում ներկայացնելով Կառավարության ծրագիրը, հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով, հաշվի առնելով նշված հանգամանքը՝ մենք պետք է ՝

• վեր հանենք եւ վերացնենք երկրում ներդրումների իրականացումը եւ ձեռներեցության զարգացումը խոչընդոտող բոլոր վարչարարական արգելքներն ու ավելորդ ընթացակարգերը,

• ստանձնենք երկրում ներդրումային ակտիվություն խթանողի գործառույթը  եւ անմիջականորեն մասնակցենք Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացմանը,

• աշխատենք միջազգային ներդրողների հետ, որպեսզի ապացուցենք, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելն ու ներդրումներ կատարելն ապահով են, անվտանգ եւ, պարզապես, շահավետ։ 

«Հանրապետության տնտեսության կայուն աճի ապահովման նպատակով կառավարությունը դավանում է ազատական  տնտեսության գաղափարախոսությունը եւ տնտեսության զարգացման հեռանկարը տեսնում է արտահանման աճի մեջ: 

Տարբեր միջազգային վարկանիշերով աշխարհում երջանիկ են համարվում այն երկրները, որտեղ առկա են ձեռներեցության համար առավել նպաստավոր պայմաններ։ Կարեւորը նավթ, գազ եւ այլ բնական պաշարներ ունենալը չէ, այլ մարդկանց՝ իրենց ստեղծագործ կարողությունների բացահայտման հնարավորություն ընձեռելը:

Մեր առաջնային խնդիրը բիզնեսի համար ազատ եւ արդար մրցակցային միջավայրի ապահովումն է։

Հարկային եւ մաքսային բնագավառները մշտապես գտնվում են հանրության,  գործարար աշխարհի ուշադրության կենտրոնում։ Մենք պետք է ունենանք այնպիսի խաղի կանոններ, որոնց շնորհիվ օրինապահ հարկատուների գործունեության համար ստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ:

Պետք է սկսենք իրականացնել հարկային եւ մաքսային ծառայողների կերպարի արմատական վերափոխման ծրագիրը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իմանա, որ հարկային եւ մաքսային մարմինները ոչ թե իր կյանքը տնօրինում են, այլ սպասարկում են իրեն: Մաքսատանը կներդրվի «մեկ պատուհանի» սկզբունքը: Ամեն ինչ կարվի բիզնեսով զբաղվողի ժամանակի խնայողության, սպասարկման որակի բարձրացման համար:

Օրինապահ տնտեսավարող սուբյեկտների համար հարկային մարմինների աշխատանքը պետք է լինի աննկատ, չմիջամտող, շփումները պետք է հասցնել նվազագույնի: Ինքնազբաղվածները պետք է ունենան գերարտոնյալ, հարկային մարմինների հետ շփումներից զուրկ հարկային կարգավիճակ: Միեւնույն ժամանակ ոչ օրինապահ տնտեսավարողը պետք է իմանա, որ իր գործունեությունը մշտապես հարկային տեսչության թիրախում է, որ ինքը տարբեր գործիքներով մոնիթորինգի է ենթարկվում, որ հարկերից խուսափելը չի կարող լինել առանց հետեւանքների:

Թե՛ հարկային եւ մաքսային, թե՛ այլ պետական մարմինների կողմից իրականացվող մոնիթորինգը, սակայն, պետք է խստագույնս լինի օրենքի սահմաններում: Անհետեւանք չի մնա իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված իրենց լիազորությունները վերազանցելու որեւէ դեպք: Ավելին, տնտեսվարողները պետք է վստահ լինեն, որ կարող են փոխադարձ վեճերը լուծել հնարավորինս բանակցային եւ ոչ ծախսատար ձեւաչափերով, իսկ քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն խարդախության, ծանր հանրային վտանգավորություն ունեցող իրավախախտումների համար:

Ինչպես արդեն նշեցի, հարկային եւ մաքսային վարչարարությունը պետք է հիմնված լինի բիզնեսով զբաղվողի հետ նվազագույն շփումների վրա: Մասնավորապես, պլանավորում ենք պարզեցնել եւ ամբողջությամբ անցնել հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի, հարկային ստուգումներն առավել հասցեական եւ արդյունավետ դարձնելու նպատակով վերանայել հարկ վճարողների ռիսկայնության աստիճանը գնահատող չափանիշները, իրականացնել այլ բազմաթիվ միջոցառումներ»: