ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ազգային Ժողովում կոչ արեց պատգամավորներին կողմ քվեարկել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման մասին» օրինագծին:
«Խնդրում եմ կողմ քվեարկել, վստահեցնում եմ՝ հիմնադրամն աշխատելու է այնպես, որ բոլորը հպարտանալու են կողմ քվեարկելու համար: Այս օրենքի լիարժեք կատարման նժարին դնում եմ եւ իմ քաղաքական կենսագրությունը, եւ ապագան»,-ասաց նա:
Նա անդրադառնալով «1000 դրամի» նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիրներ պատգամավորների ելույթներին, նշեց, որ այլախոհությունը նաեւ ընդդիմության կողմից իշխանության տված լուծումներին ականջալուր լինելու շնորհքն է:
«Քաղաքականությունը պետք է բուռն քննարկման առիթ տա, եթե կարծիքների բախում չի առաջանում, եթե իշխանությունը ձգտում չի ունենում լիարժեք պաշտպանելու, իսկ ընդդիմությունը մինչեւ վերջ ընդդիմանալու եւ փորձելու ցանկացած լավ քաղաքականություն հակառակ եզրույցթից ցույց տալ, ուրեմն կյանքում քաղաքականությունը ոչ մի բան չի փոխում: Այդ առումով շատ նման է արվեստի գործի, եթե չի առաջացնում բուռն անհամաձայնություն ու վեճ, ուրեմն տապալված գործ է: Կարծում եմ, որ մենք այս օրերին վայելեցինք մեր ազատության եւ ժողովրդավարության լիարժեք գինը եւ հասկացանք դրա արժեքը: Այլախոհությունը միայն ընդդիմության՝ իշխանության նկատմամբ անհամաձայնություն հայտնելու ազատությունը չէ: Ինչպես այսօր վկան եղանք եւ ականատեսը՝ մեկ ընդդիմադիրի կողմից մեկ այլ ընդդիմադիրի կարծիքին ըմբոստանալով եւ վարքագծի կանոնները խախտելով խոսքի այսպիսի պոռթկումով արձագանքելը չէ: Այլախոհությունն այն է, երբ ինքդ քեզ թույլ ես տալիս մտածելու, որ բացի քոնից կարող է լինել նաեւ մեկ այլ ճիշտ եւ ճշմարիտ կարծիք»,-ասաց նա:
Նախարարը պատգամավորներին խորհուրդ տվեց ցանակցած մեղադրանք առաաջդրելիս, ցանկացած խոսք բարձրաձայնելիս ուշադիր լինել:
«Տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսորի կողմից առաջարկ է արվում ժամկետային զինծառայողների համար սահմանել աշխատավարձ, կարծում եմ նաեւ պետք է իրեն հաշվետվություն տա, որ առաջարկած հարցի գինը նույն չափ է, որքան եղել է իր ղեկավարած կառավարության պետական բյուջեն ամբողջությամբ: Եթե այսօր այդպիսի առաջարկ կարող է անել՝ գնահատականն է այս տարիներին մեր երկրի առաջընթացի: Երբ մենք խոսում ենք միայն զոհվածների մասին, մենք պետք է որպես նախկին պաշտոնյա համադրենք մեր ժամանակ, մեր կողմից ձեւավորած բյուջեի հնարավորությունը սպային աշխատավարձ վճարելու ու այսօրվա սպայի աշխատավարձը, որը չափազանց ցածր է, բայց բարձրացում եղել է: Մեզ մոտ բանակում ամեն ինչ շատ ավելի լավ է, քան ոմանք փորձում են ներկայացնել, իսկ այն խնդիրները որ ունենք, պետք է միասին բացահայտենք: Անընդհատ խոսում եք ապրիլյան զոհերի մասին, ես որպես պաշտպանության նախարար, խնդրում եմ՝ մի խոսեք ապրիլյան զոհերի մասին, խոսեք ապրիլյան հերոսների մասին: Չի կարելի հերոսին զոհ դարձնել»,-ասաց նա:











