Դեկտեմբերի 23-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակ՝ հետեւելու մասնագիտական ուսուցման պլանով նախատեսված հերթական վարժանքներին:

Համաձայն զինավարժանքի սցենարի՝ գումարտակը առաջին փուլում իրականացնում է քաղաքացիական տրանսպորտային միջոցով տարածք թափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողություն:

Այնուհետեւ հատուկ նշանակայինները ներկայացրին շինության ներսում դիրքավորված հանցախմբի վնասազերծման հնարքների համալիր՝ կիրառելով արգելքների հաղթահարման միջոցներ եւ սառը զենք:

Ի դեպ, այս համալիրն օգտագործվում է եվրոպական մի շարք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողություններում:

Վերջին փուլում գումարտակի անձնակազմը մշակում էր շինության ականապատման, պայթեցման, հանցագործների վնասազերծման հնարքներ՝ օգտագործելով լարային եւ հեռակառավարվող ականներ, արգելքների հաղթահարման տեխնիկական միջոցներ, բարձրլեռնային պայմաններում հատուկ գործողությունների իրականանցման հատուկ հանդերձանք:

Այս փուլն ավարտվեց ձեռնամարտի հնարքների ցուցադրումով:

Վարժանքների ավարտից հետո Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ստորաբաժանման պատրաստականությունը:

Ավարտին Վլադիմիր Գասպարյանը, ելնելով զինավարժանքի ընթացքից եւ արդյունքներից՝ անձնակազմի գործառնական պատրաստվածության կատարելագործման վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին: