Քննությունը պարզել է Սոչիի մոտ դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ավիավթարի նոր ականատեսների անունները, հայտնում է Lenta –ն վկայակոչելով Ռուսաստանի քննչական կոմիտեն։
«Հարցաքննվել են ավիավթարի նոր ականատեսները, այդ թվում այն մարդը, որը նկարահանել էր, թե ինչպես է օդանավը օդ բարձրանում, դրա հետագա թռիչքն ու ծովն ընկնելը։ Այդ տեսանյութից բացի առգրավվել է նաեւ Սոչիի միջազգային օդանավակայանում «Տու 154» օդանավի վայրէջքի տեսագրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 26-ին ավիավթարի ականատեսը պատմել էր, որ Ադլերի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո օդանավը բարձրություն հավաքելու փոխարեն սկսել էր արագ իջնել դեպի ծովի մակերես ընդ որում արտասովոր դիրքով։ Մեկ ակնթարթ հետո «Տու 154»-ը, ականատեսի խոսքով, պոչով հարվածել էր ծովին, որից պոչը պոկվել էր, իսկ հետո օդանավն ամբողջությամբ ծովն էր ընկել ու արագ ջրի տակ անցել։
Օդանավում 92 մարդ կար՝ այդ թվում անձնակազմի ութ անդամները։











