Համացանցի չինացի օգտատերերին ցնցել է Թաիվանում սթրիփթիզի 50 պարուհիների մասնակցությամբ թաղման արարողությունը։Չիաի քաղաքում հուղարկավորել են անցած ամիս մահացած քաղաքական գործիչ Տունգ Սիանին, հայտնում է BBC–ն։

Սգո թափորին ուղեկցում էին գույնզգույն ջիպեր, որոնցից լսվում էր բարձր երաժշտություն։ Իսկ մեքենաների վրա կիսամերկ աղջիկներ էին պարում։ Մեքենաների հետեւից քայլում էին թմբկահարներն ու հատուկ պարային համույթը։ Հրավիրված դերասաններն աստվածությունների ու հսկայական տիկնիկների հանդերձանքով էին։

Տունգա Սիանը վերջին տարիներին ղեկավարել է քաղաքային խորհուրդը; Նա հայտնի էր Թաիվանի քաղաքական շրջանակներում։ Մահացել է 76 տարեկանում։ «Հուղարկավորությունից երկու օր առաջ մենք նրան տեսել ենք երազում , ասում էր , որ հենց այսպիսի հուղարկավորություն է ուզում»,- ասել է հանգուցյալի եղբայրը CTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հուղարկավորության տեսագրությունը տարածվել է համացանցում ու ակտիվ քննարկման թեմա դարձել։ Շատ օգտատերեր գովել են հանգուցյալի հարազատներին նման «գունեղ» հուղարկավորության համար։

BBC-ի փոխանցմամբ հուղարկավորությանը պարողների եւ նույնիսկ սթրիփթիզի պարուհիների մասնակցությունն այնքան էլ արտասովոր չէ թաիվանյան հասարակության որոշ խավերում, որոնք հավատարիմ են մնացել հեթանոսական ծիսակարգերին ու հավատում են, որ ոգիներին պետք է զվարճացնել։