Աստանայում ակտիվիստները տարերային ցույցի են դուրս եկել՝ պահանջելով արգելել Չինաստանի քաղաքացիների հետ ղազախ աղջիկների ամուսնությունները: Հանրապետության պողոտայում ամուսնական գործակալության մոտ, որը ծանոթություն է առաջարկում Չինաստանի քաղաքացիների հետ, շուրջ 30 մարդ է հավաքվել: Ոստիկանները հետեւել են ակցիային, սակայն չեն միջամտել:
Ըստ Kazday.kz-ի՝ ցուցարարները ծայրահեղ միջոցներ են առաջարկում. քաղաքացիությունից զրկել այն կանանց, ովքեր համարձակվում են ամուսնանալ չինացիների հետ:
Ակտիվիստները «Տղամարդը պահպանում է հողը, իսկ կինը՝ ազգը» գրությամբ պաստառներով են: Նրանք նաեւ առաջարկում են Չինաստանից փեսացուներին պարտավորեցնել Ղազախստանից յուրաքանչյուր աղջկա համար 50 հազար դոլարի չափով տուրք վճարել:
Գործակալությունը ղազախ աղջիկներին առաջարկում է ամուսնանալ այն չինացիների հետ, որոնց տարեկան եկամուտը կազմում է առնվազն 90 հազար դոլար: Միաժամանակ նշվում է, որ աղջիկներին ուղղված պահանջները շատ քիչ են, այդ պատճառով մեծ մրցակցություն է ակնկալվում:











