Մոսկվա կինոթատրոնում այսօր՝ հունվարի 27–ին, տեղի ունեցավ «Կյանք ու կռիվ 2, 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը ներկայացնում է «Կյանք ու կռիվ» ֆիլմի հերոսների ճակատագիրը 25 տարի անց։
Հերոսները, որոնք արդեն մեկ անգամ հաղթահարել էին պատերազմը, երկրորդ անգամ են բախվում՝ արդեն ապրիլյան քառօրյայի ժամանակ։ Բայց այս անգամ պատերազմը չի պայմանավորում նրանց կյանքն այնպես, ինչպես 25 տարի առաջ։ Ֆիլմն ավելի շատ հերոսների ճակատագրի մասին է։
ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանի խոսքով՝ ֆիլմը ներկայացնում է այսօրվա իրական պատկերը, չեն խուսափել ռացիոնալությունից։ «Ես կարծում եմ, որ հուզականությունները պետք է թողնել անցյալին, իսկ ներկայի մասին պետք է ավելի սթափ մտածել, դրա համար, ես կարծում եմ, որ սա կյանքի օրենքների սահմաններում է. անցյալի մասին հուզականությամբ ենք հիշում, իսկ մեր այսօրվա մասին խոսում ենք ավելի հստակ, ճիշտ, կշռադատված, որպեսզի կարողանանք ստեղծել վաղվա ապագան»,– ասաց նա։ Եւ հենց դրա համար է, որ ֆիլմի հերոսներից Արմանը ֆիլմում ասում է. «կյանքը 5 տարով չի սահմանափակվում». այն մարդիկ, ովքեր հերոսացել են Արցախյան պատերազմի տարիներին, կարող են մնացած տարիների ընթացքում «ջուրը գցել» դա։
Ֆիլմում կա նման օրինակ։ Գլխավոր դերասանուհիներից Նարինե Գրիգորյանն էլ փաստեց, որ ֆիլմը իրական կյանքն է արտացոլում. «Խաղալու բան էլ չկար, դա մեր մասին է։ Երբ քառօրյա պատերազմը սկսվեց եւ հետո զինադադար եղավ, հատուկ ջոկատայիններից մարդիկ եկան եւ ինչ–որ չափով, որքան որ թույլ է տրված, նկարագրեցին այն, ինչ իսկապես կար։ Ֆիլմն էլ հիմնականում հիմնված է իրական դեպքերի վրա»։ Ֆիլմի պրոդյուսերը պատմեց, որ ֆիլմի առաջին մասի նկարահանման ավարտին հայտնի է դարձել ապրիլյան դեպքերի մասին եւ հաստատվել է ֆիլմը շարունակելու միտքը։
«Ֆիլմը նկարահանելիս, երբ արդեն նկարահանում էինք վերջին կադրերը՝ Շուշիի գրավումը, եւ պետք է մեկնեինք Ղարաբաղ, մեզ ասացին, որ չենք կարող մեկնել, որովհետեւ սահմանին մարտական գործողություններ են սկսվել։ Ստիպված եղանք հետաձգել նկարահանումները: Այդ ժամանակ Մհեր Մկրտչյանի մոտ միտք ծագեց նկարահանել ֆիլմի շարունակությունը»,- նշեց Կարեն Ղազարյանը:
Ֆիլմում Արմանին մարմնավորած Բաբկեն Չոբանյանն էլ ասաց, որ քանի որ ֆիլմի նկարահանումները համընկան ապրիլի սահմանային լարվածության հետ, հոգեբանորեն դժվար էր նկարահանումներին մասնակցելը։ «Հոգեբանորեն էդ ժամանակաշրջանում կռիվ գնալուց բացի ամեն ինչ անելն էր դժվար, այդ թվում նաեւ՝ ֆիլմում նկարահանվելը, բայց մի փոքր սփոփանք կար, որ այդ ֆիլմով մեր հարգանքի տուրքն ենք մատուցում էդ օրերի հերոսներին»,– ասաց դերասանը։ Նարինե Գրիգորյանն էլ ավելացրեց. «Հպարտություն է՝ 25 տարվա բանակ ունենալ ու պատմել այդ մասին ֆիլմի տեսքով»։
Ֆիլմում Լեւոնի եւ Աննայի ընտանիքը վերադառնում է Հայաստան։ Նրանց որդին Հայաստանի քաղաքացիություն է ստանում եւ ցանկանում է ծառայել զինված ուժերում։ Լեւոնը տարիներ անց գործարար է դարձել եւ հարստացել։ Արմանը շարունակում է ծառայել հատուկ ջոկատայինների գնդում, առաջին ֆիլմից հայտնի ժպտադեմ Սոֆին սկսում է խոսել։ Պրեմիերային ներկա ռեժիսոր Միքայել Դովլաթյանը նշեց, որ շատ է հավանել «Կյանք ու կռիվ» ֆիլմը, եւ հույս հայտնեց, որ երկրորդ մասը եւս չի զիջի առաջինին։ ««Կյանք ու կռիվ»–ը շատ պինդ ֆիլմ է։ Կարծում եմ՝ ֆիլմի լավ–վատ լինելու ամենամեծ գրավականն այն է, որ սցենարն է շատ պինդ գրված։ Դա էլ Մհեր Մկրտչյանի ուժեղ կողմերից է։ «Կյանք ու կռիվ 2»–ից էլ սպասումներ ունեմ, տեսնենք՝ ինչ կլինի»,– ասաց նա։











