Լեռնանիստում այսօր՝ փետրվարի 14-ին, փլուզված մթերային խանութի սեփականատերը չգիտի՝ ինչի հետեւանքով կարող էր խանութը փլուզվել: Վարկածը, թե խանութը կարող էր փլուզված լինել գազի պայթյունի հետեւանքով, նա հերքում է՝ նշելով, որ այն գազաֆիկացված չի եղել:
«Խանութը գազաֆիկացված չէր, գազ չկար, ինչպե՞ս պետք է դրա հետեւանքով փլուզվեր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց խանութի սեփականատեր Գագիկ Ալոյանը:
Շինությունը 50-ական թվականներին է կառուցվել եւ այս ընթացքում ընդամենը մեկ անգամ կոսմետիկ վերանորոգման ենթարկվել: Գագիկ Ալոյանի խոսքով, այն որպես խանութ սկսել է շահագործվել 2004թ.-ից: Սեփականատերը չի բացառում, որ հին շինությունը հնարավոր է փլուզված լինի ձյան ծանրությունից. «Հնարավոր է ծանրությունից լինի, բայց սրանից շատ ձյուն էլ է եղել, ինչու՞ փլուզվեց»:
Նշենք, որ ԱԻՆ-ից էլ ավելի վաղ տեղեկացրել են, որ խանութը փլուզվել է պայթյունի հետեւանքով, թե ինչ պայթյունի մասին է խոսքը, պաշտոնապես մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Փլուզվել է Լեռնանիստ գյուղի 7-րդ թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքը: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
Ժամը 12.03-ի դրությամբ ավտոկռունկի օգնությամբ փլատակներից դուրս է բերվել երկու կնոջ (մոտ 31 եւ 50 տարեկան) դի:
.jpg)
.jpg)
.jpg)











