Ազատության հրապարակում այսօր՝ փետրվարի 28-ին, ակտիվիստ Շահեն Հարությունյանի գլխավորությամբ երթ-հավաք կազմակերպվեց «Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանին` «Հաց բերողին», ազատ արձակելու պահանջով:

Երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Ամիրյան փողոց, ապա Հյուսիսային պողոտայով նորից վերադարձան Ազատության հրապարակ: Ցուցարարների մի մասը գիշերը մնալու է այնտեղ, նստացույցը շարունակելու:

Նրանց խոսքով՝ իրենք այնքան են մնալու այնտեղ, մինչեւ ժողովրդի գիտակից զանգվածը չհասկանա իրավիճակի լրջությունը եւ Արթուր Սարգսյանը չազատվի բանտարկությունից:

«Ցավալի է, որ մեր շարքերը օրեցօր նոսրանում են, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ կարեւորը որակն է, ոչ թե քանակը»,-ասաց Շահեն Հարությունյանը:

Նրա խոսքով՝ երեկ, իրենց իրականացրած նստացույցի ընթացքում ոստիկանները մոտեցել են իրենց եւ տվյալներ վերցրել, զանգահարել իրենց տներ՝ պահանջելով, որ դադարեցնեն նստացույցը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը: