ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել է, որ Արմավիրի մարզի թեկնածուների միջեւ բախումներ չեն կարող լինել, քանի որ այդ մարզում կա 240 հազար ընտրող, որը բավական է, որ 15 թեկնածու դառնա պատգամավոր։

Նշենք, որ Արմավիրի մարզում ՀՀԿ-ից առաջադրվել է չորս գործող պատգամավոր՝ ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալեքսան Պետրոյանը, Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, Հրանտ Գրիգորյանը եւ Սեյրան Սարոյանը։

«Համոզված եմ՝ մինչեւ ընտրությունների վերջը որեւէ միջադեպ, հարաբերություններ Արմավիրի մարզում չի լինի։ Մենք բոլորս նստել ենք իրար հետ, հանգիստ ընկերական պայմանավորվել ենք, որ Արմավիրի մարզում կա 240 հազար ընտրող, որն հերիք ա, որ 15 պատգամավոր անցնի։

Ոչ մի տարածք չենք կիսել ,Արմավիրի մարզը ազատ է բոլոր ընտրողների առջեւ, բայց քանի որ 240 հազար ընտրող կա, դա շատ մեծ ընտրազանգված է»,-ասել է պատգամավորը։

Անդրադառնալով Արարատի մարզում ՀՀԿ խմբակցության պատագմավորներ Մուրադ Մուրադյանի եւ Արայիկ Գրիգորյանի թիմակիցների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքին, որը տեղի էր ունեցել Մուրադյանի տարածքում Արայիկ Գրիգորյանի համար շտաբ բացելու պատճառով, Պետրոսյանն ասել է, թե իրենց մարզում մեկը մյուսի տարածքում շտաբ չեն բացում։

«Ես ընդհանրապես ոչ մի տեղ շտաբ չեմ բացում, որովհետեւ էդ մարզում մեկը չկա, որ ինձ չճանաչի։ Մենք տարածքներ չենք բաժանել, ամբողջ տարածքը բոլորինն է։ Ես ոչ մի տեղ քարոզչություն չեմ իրականացնում, մարդիկ ճանաչում են, զրուցում են ու էդպես»։

Գործարար թեկնածուն դժվարացել է կանխատեսել, թե չորս գործող պատգամավորից որի ընտրվելու շանսերն են ավելի բարձր։

«Որ էդպես բաներ կարողանայի գուշակեի, խի՞ էի պատգամավոր դառնում»,-ասել է նա։