Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ բանակում առկա որեւէ խնդրի հետ կապված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատասխանատու լինի, իսկ նույն ժամանակահատվածում բանակի գլխավոր գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը ՝ ոչ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այսօր՝ մարտի 3-ին, դաշինքի հրավիրած ասուլիսում՝ անդրադառնալով տեղեկություններին, որ բանակում վառելիքին կերոսին խառնելու վարչապետի հայտարարությունը իշխանությունը կարող է օգտագործել ընդդիմադիր ճակատում հանգրվանած Սեյրան Օհանյանի դեմ:
«Բացառվում է՝ խնդրի որեւէ կոմպոնենտ բանակի հետ կապված, որ նույն ժամանակաշրջանում Սերժ Սարգսյանը առաջին դեմքն է եղել, Սեյրան Օհանյանը՝ պաշտպանության նախարար, մեկը պատասխանատու լինի, մյուսը՝ չլինի: 2016 թվականին հունիս կամ հուլիս ամսին, երբ որ վերադարձել էինք Մարտակերտից, պաշտպանության հանձնաժողովի փակ նիստում ուղիղ հարց եմ տվել, որ էսպիսի ահազանգեր կան, սակայն Սեյրան Օհանյանը ասել է, որ բանակում գործում են նորմատիվներ, թե զինտեխնիկան ինչ ժամանակահատվածում պետք է բերվի մարտական վիճակի: Եվ ինքը հավաստիացրել է, որ բանակում այս բոլոր նորմատիվները գործում են, ու էդպիսի բան լինել չի կարող: Սա Սեյրան Օհանյանի ու Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, ազգային անվտանգության խնդիր է»,-ասաց Փաշինյանը:
Ի դեպ, պատգամավորն ասյօր առավոտյան կերոսինի հարցով կրկին հեռախոսազրույց է ունեցել վարչապետի հետ. «Այսօր առավոտյան երկրորդ հեռախոսազրույցն եմ ունեցել կերոսինի թեմայով Կարեն Կարապետյանի հետ եւ արձանագրեմ, որ հարցը լուծված է, սկսել են կերոսինը մաքսազերծել: Ես ասում եմ, որ գնումները իրականացնում են պետական մարմինները, եւ համապատասխան չինովնիկները, ովքեր էս ապօրինությունները թույլ են տալիս, պետք է պատասխանատվության ենթարկվեն»:
Այն որ պատասխանատվության շրջանակը միայն Սեյրան Օհանյանով չի սահմանափակվում, այդ թվում է նաեւ գործող նախարար Վիգեն Սարգսյանն է պատասխանատու, հայտարարեց նաեւ «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Վարչապետի հայտարարությանը պիտի պատասխանի այսօրվա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, նա պիտի հանդես գա ու պատասխանի՝ եղե՞լ է նման բան, ի՞նչ մասշտաբներով, եւ որքան տեխնիկա չի կարողացել դուրս գալ, այսինքն՝ եթե այդ տեխնիկան դուրս գար, մենք մի քանի զոհ պակաս կունենայինք, տեխնիկան դուրս չի եկել, երեխեքը մնացել են մենակ, թիկունքը մնացել է փակ: Այս գործի համար կարող է պատասխանատու լինել ցանկացած մարդ՝ ներառյալ այդ վառելիքը ներկրողից, ով ներկել ու վաճառել է, տեղում խառնողից, գլխավոր շտաբի ղեկավարից, նաեւ ՀՀ քաղքացիներ»:
Արամ Սարգսյանը հավելեց նաեւ, որ պետք է ճշտել վարչապետի հայտարարությունը Սեյրան Օհանյանին պատժելու նպատակո՞վ էր, թե՞ անկեղծ մտահոգություն. «Խնդիրը չեմ տեսնում կոնկրետ մարդուն պատժելու առումով: Եթե էդ խնդիրն իրողություն է, ուրեմն պատժելու խնդիրը երկրորդական է»:
Դաշինքի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ վարչապետի հայտարարությունը հաղորդում է հանցագործության մասին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի, թե մաքսային մարմինները ինչու են խնդիրներ ստեղծում տնտեսվարողներից մեկի համար, որը ցանկանում է 460 տոնա կերոսին ներկրել Հայաստան, ինչին ի պատասխան վարչապետն ասել էր հետեւյալը. «460 տոնա կերոսին, որ ասում եք դա իրականում վառարանային վառելիք է: Այս պահին մենք վառարանային վառելիքի նման սպառում չունենք: Եվ ունենք կասկած, որ վառարանային վառելիքը գնում կերոսինի հետ խառնվում է եւ մենք ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով»:











