Մարտի 3-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա բաժինների ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց մարզի իրավապահների աշխատանքը եւ նշելով դեռեւս առկա որոշ թերությունների վերացման ուղիները՝ ընդգծեց ոստիկանության դերը հանրային գիտակցության մեջ օրենքի գերակայության ամրագրման գործում:
Ոստիկանության պետը կարեւորեց նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ հատկապես անչափահասների հետ տարվող աշխատանքներում:
«Ես ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուրը անչափահասներին մոտենաք որպես ձեր սեփական զավակին, հասկանաք, որ ընտանիքներ կան, որոնք իրենց կենցաղը չեն կարողանում ապահովել, վատ ապրող ընտանիքներ կան, էդ ընտանիքներում երեխեքը մի քիչ ինքնուրույն են՝ ծով են մտնում եր այդ ամեն ինչը բերում է դժբախտությունների»,-ասել է նա:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանություն-հասարակություն կապի հետագա ամրապնդման անհրաժեշտությունը որպես հասարակական առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի կայացման գրավական:
«Դեմքով դեպի գյուղացին, դեմքով դեպի ժողովուրդը, հատկպես խոսքս ուղղում եմ համայնքային ղեկավարներին, որոնք ըստ իմ պատկերացման, պետք է լինեն տվյալ սպասարկող տարածքի տերն ու տիրականը: Պետք է քաղաքացին համայնքային ոստիկանին սիրի, օրինազանցության ճանապարհն ընտրած պատանին, երիտասարդը պետք է ձվի, ոստիկանի խոսքը լսի, համայնքային ոստիկանի տվյալ տարածքի ժողովրդի հոգսով ապրի»,-ասել է նա:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ մարզի օպերատիվ իրավիճակին ներհատուկ խնդիրներին, դրանց օրինակով վերլուծեց ոստիկանության գործողությունները նաեւ համապետական ընտրությունների շրջանում եւ կարգադրեց աշխատել պրոֆեսիոնալ, անաչառ ու թափանցիկ՝ հանուն հասարակական կարգի եւ փոխհանդուրժողականության ապահովման:
«Չղջիկների աքիլեսյան գարշապարը շարունակվում ա, ցանկացած դեպքի պարագաներում բորբոքողներ, խառնողներ եղել են, կան եւ շարունակելու են լինել: Նախընտրական թոհուբոհի մեջ դժգոհությւոններն էլ ավելի ավելանալու են, նախընտրական շրջանում ում էլ բռնես, անպայման լինելու են կուսակցական պատվերներ՝ բռնել են, որովհետեւ էս կուսակցույթւոնից ա...սա անբարենպաստա ժամանակահատված է: Չվախենաք, հանցագործին բռնելուց, որ քաղաքական աստառներ կարող են տալ...»,-ասել է նա:
Խորհրդակցության ավարտին ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:











