«Ելք» դաշինքն առաջարկով է հանդես եկել՝ ստեղծել «ճշմարտության հանձնաժողով», որը պետք է հետաքննի ոչ միայն Հոկտեմբերի 27-ը, այլեւ Մարտի 1-ը, Խորխոռունու սպանությունը, Արծրուն Մարգարյանի սպանությունը, գլխավոր դատախազի սպանությունը: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» դաշինքի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը՝ հավելելով, որ նման հանձնաժողով ստեղծելու առաջարկն արել է իրենց դաշինքը գլխավորող Էդմոն Մարուքյանը, ով նաեւ լավ փաստաբան է եւ վերցվել է աշխարհի օրինակը:
«Լիքը սպանություններ եղան այդ տարիներին, որոնք այդպես էլ չբացահայտվեցին, որոնցով մարդիկ են հետախուզվում, հիրավի, թե հանիրավի: Ճշմարտության հանձնաժողովը շատ-շատ կարեւոր բան է մեր երկրում արդարություն հաստատելու համար»,-ասաց Արամ Սարգսյանը:
Հարցին, թե արդյոք «Ելք» դաշինքը իշխանության գալու դեպքում կբացահայտնի «հոկտեմբերի 27-ը», Արամ Սարգսյանը պատասխանեց. «Չէի ուզենա Վազգենի ծննդյան օրը խոսել Հոկտեմբերի 27-ից: Ինձ համար այսօրն ուրախության օր է: Հոկտեմբերի 27-ին ես նույնիսկ տուն էլ չեմ գնում, որովհետեւ չգիտեմ, թե ինչ ասեմ ծնողներիս: իսկ այսօրը նույնիսկ մորս ստիպում եմ մի բաժակ հետս խմելու Վազգենի ծնունդը շնորհավորելու:
Չէի ուզենա նաեւ վազգենի ծննդյան օրը վերածել քաղաքական ակցիայի ու դրանով դիվիդենտներ հավաքել, խոսել ծրագրերից»:
Նշենք, որ այսօր՝ մարտի 5-ին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Միաժամանակ այսօր մեկնարկել է ԱԺ ընտրությունների քարոզարշավը:











