Մարտի 5-ին Հայաստանում մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը: Մարտի 6-ին, առաջին աշխատանքային օրն էր, եւ վաղ առավոտից NEWS.am-ի թղթակիցները շրջել են ընտրություններին մասնակցող 5 կուսակցությունների եւ 4 դաշինքների կենտրոնական շտաբերում՝ պարզելու, թե ինչպես են սկսել քարոզարշավը ընտրությանը մասնակցող ուժերը:

«Ելք» դաշինքի առաջնորդները շտաբում չէին, մեզ հայտնեցին, որ նրանք տարբեր բնակավայրերում, ընտրողների հետ հանդիպումներով են մեկնարկել քարոզարշավը: «Ազատ դեմոկրատների» կենտրոնական շտաբը դատարկ է, ամբողջ գիշեր աշխատել էին, առավոտյան հանգստանում էին, եւ միայն Մասիս Այվազյանն էր շտաբում:

«ՀԱԿ-ՀԺԿ»-ի կենտրոնական շտաբում Արեգ Գեւորգյանն էր, որն իր ընկերների հետ ակտիվ աշխատում էր քարոզչանյութերի վրա: 

ՀՅԴ-ում թղթակիցներին դիմավորեց քարոզչության պատասխանատու, ՀՅԴ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Աղվան Վարդանյանը, իսկ ՀՀԿ-ում քարոզչության պատասխանատուն՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Աշոտյանը հայտնեց, թե «Ռեինկարնացիա» խմբի տեսահոլովակի հետ կապված քննարկումներից շատ գոհ են: Ըստ Հանրապետականի, հոլովակը մարկետինգային առումով իր խնդիրը լուծել է, իրենք ուզել են, որ արտառոց մի բան անեն, որ քննարկվող լինի, եւ այսօր այդ հոլովակն ամենաշատն է քննարկվում:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունում էլ առավոտը բուռն չէր, թեեւ այնտեղ էր քարոզչության պատասխանատուն՝ ՀՎԿ ցուցակի երկրորդ համար Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքով, քարոզարշավի երկրորդ օրը սկսել են բուկլետներ բաժանելով, քարոզչական նյութեր եւ պաստառներ տարածելով:

Բոլոր ուժերն էլ, ի դեպ, վստահ են, որ հաղթահարելու են խորհրդարանում հայտնվելու արգելքը: Ամենավստահը, թերեւս, կոմունիստներն են, որոնք հայտնեցին, թե ընդհանրապես խնդիր չունեն, անցնելու են, քանի որ բոլորը կարոտել են խորհրդային «բարեկեցիկ եւ ապահով» անցյալը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կենտրոնական շտաբում նոր-նոր ցուցանակն էին փակցնում:

«Ծառուկյան» դաշինքի շտաբը փակ էր լրագրողների առաջ, որոնց ընդհանրապես ներս չթողեցին: Մեր նկարահանող խումբը դրսում հանդիպեց պատգամավոր Լյովա Խաչատրյանին: Մի քանի անգամ տրված հարցին՝ ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանություն, Լյովա Խաչատրյանը համառորեն չպատասխանեց։