Հետեւելով քարոզարշավին, նայելով, թե հանրապետական թեւի ու նրան սպասարկող կուսակցությունների քարոզարշավը, նկարահանած տեսահոլովակները, հետեւություն ես անում, որ նրանք այս երկրում չեն ապրում: Այդ մասին այսօր՝ մարտի 8-ին Երեւանի Ազնավուրի հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:

«Նայում ես հոլովակները, ուզում ես ասել, որ այսօր Հայաստանը դա է, բա էլ ի՞նչն եք ուզում փոխել: Եթե դա է այսօրվա Հայաստանը ամբողջ աշխարհը պիտի գար այստեղ, ձեզանից բան սովորեր: Ախր, ձեր պատկերացրած Հայաստանը այնքան է հեռու է իրականությունից, որքան ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի լիդերների պաստառներում իրենց նկարները այսօրվա իրական տեսքից»,- կատակեց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով, հանրապետականները գտել եւ պեղել էն Ահարոն Ադիբեկյանից ավելի մի «սուտիբեկյան» Գելլափի, ու համեստություն են անում, թե գիտեք, հարցումներով երկրորդն ենք, բայց մեր վարչապետը 81 տոկոս վարկանիշ ունի: «Ինչո՞ւ են ասում սա հանրապետականները, որ հետո ասեն՝ մեր վարչապետի վարկանիշը հաշվի առնելով, դարձանք առաջինը, իսկ «Ծառուկյան» դաշինքը երկրորդն է: Իսկ Ծառուկյան դաշինքը գնալու եւ շամպայն է խմելու»,- ասել է Արամ Սարգսյանն ու հավելել. ««Ելք» դաշինքը պետք է հիասթափեցնի իշխանություններին, ասի, որ ձեր մտածած ծրագրով սոսկ դերակատարներ չենք»:

Արամ Սարգսյանի կարծիքով, ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն (Կարեն Կարապետյանը-խմբ.) չի կարող 81 տոկոս վարկանիշ ունենալ: «Այդ մարդը անընդհատ խոսում է ինտելեկտից եւ խաղի կանոններից: Պարոն վարչապետ, ինտելեկտ ունենալու դեպքում պիտի հասկանայիք, որ ֆուտբոլ չեք խաղում, սա պետություն է, որտեղ ոչ թե խաղի կանոնները, այլ օրենքները պիտի գործեն:

Նա երբեք տեսակետ չիի արտահայտել ոչ մի իրադարձության մասին՝ ոչ հոկտեմբերի 27-ի, ոչ մարտի 1-ի, ոչ Սասնա ծռերի, ոչ ապրիլյան իրադարձությունների: Նա այս երկրի հետ կապ չունի, ի՞նչպես կարող է նրա վարկանիշն ավելի բարձր լինել, քան բոլոր քաղաքական գործիչներինը միասին»,- նշել է Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի, ընտրություններում արդարություն չի լինելու, որովհետեւ այսօրվանից արդեն ցուցակագրում են, որովհետեւ նրանք արդեն պաստառներ են պատռում, իրենց իսկ կուսակցությունից նույն վարկանիշային մրցակիցները իրար միս են ուտում ու տարածք ջարդում: «Իշխանությունը չի կարողանալու հիմնավորել, որ ընտրություններն արդար են, որովհետև ի սկզբանե անարդար ճանապարհ են ընտրել»,- ասել է նա:

«Իշխանությունը ինչ ուզում է անի, ինչ տարբերակներ էլ մտածի, մենք պազ եւ հասարակ գործողություն ենք առաջարկում: Մերժեք ընտրակաշառքը, ձեր տան դուռը թակողին կոպիտ պատասխանեք: Մենք ձեզ առաջարկում ենք մեր հետ միասին աշխատել, պայքարել: Եթե դուք ապրիլի 2-ին ձեր սրտով, մտքով քվեարկեք, ապա կհամոզվեք, որ այս երկրում ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն: Որ դուք եք երկրի իրական տերը եւ դուք են իշխանությւոն տալիս»,- ասել է Արամ Սարգսյանը: