Ծաղիկներ, փափուկ խաղալիք կամ ընդամենը՝ ուշադրություն։ Մարտի 8-ի՝ հայ տղամարդկանց նվերների ցուցակում սրանք են առաջատարները։ Կանանց միջազգային տոնին NEWS.am-ը հարցում է անցկացրել մայրաքաղաքում՝ պարզելու, թե Մարտի 8-ին ինչ են նվիրում հայ տղամարդիկ իրենց կանանց և թե ինչ նվերներ կցանկանային ստանալ կանայք այդ օրը։

 Հարցման արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց մեծ մասի կարծիքով՝ հայ կանանց համար ամենանախընտրելին ծաղիկներն են, իսկ ավելի երիտասարդների կարծիքով ՝ փափուկ խաղալիքները։

Աշխատանքային օրվա ավարտին հարցման մասնակից տղամարդկանց մեծ մասը դեռևս նվեր չէր գնել, իսկ մի տղամարդ էլ ասաց, որ չի պատրաստվում նվեր գնել, քանի որ Մարտի 8-ը համարում է կեղծ տոն։

«Ամբողջ տարին արհամարհում են՝ այդ մի օրը խաբում՝ դուխի կամ ծաղիկ տալով»,- ասաց նա։

Հարցմանը մասնակցած կանանց մեծ մասը նույնպես պատասխանեց, որ Մարտի 8-ին նախընտրում է ծաղիկներ ստանալ և ամենակարևորը՝ ուշադրություն։

Հայ տղամարդիկ, պարզվում է, հիմնականում չեն սիրում շատ գումար ծախսել Մարտի 8-ին, ըստ հարցման արդյունքների՝ միջինը 2000- 3000 դրամ։