Փետրվարի 24-ին երիտասարդ մի աղջիկ մտել է Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկը, եւ որոշ ժամանակ անց նշված հասցեից հեռացել «Տոյոտա» ավտոմեքենայով:

Րոպեներ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգել են, որ օրը ցերեկով Սայաթ-Նովայի 33 շենքի դիմացից, Տոյոտա մակնիշի մեքենա են գողացել:

Որոնողական աշխատանքների ընթացքում տեղեկություններ են ստացվել, որ մեքենան հնարավոր է առեւանգած լինի մշտական բնակության վայր չունեցող Սաթենիկ Բ.-ն, որը հաճախ է այցելում Խորենացի փողոցում գտնվող գիշերային ակումբ:

Փետրվարի 25-ին ոստիկանները ակումբի մոտից Սաթենիկ Բ.-ին առեւանգված «Տոյոտայով» հանդերձ բերման են ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին:

Սաթենիկ Բ.-ն ոստիկանությունում հայտնել է, որ եկել էր նշված հասցե, վարձով ապրող արտասահմանցի իր ծանոթներին տեսնելու, բայց պարզվել էր տունը հանձնել են եւ այժմ բնականատերն էր այնտեղ. «Տանտերը հրավիրեց տուն, ասեց՝ նստի սուրճ խմենք մի քիչ, հետո ես տեսա նրա ավտոմեքենայի բանալին: Տենց վերցրեցի բանալին, տնից դուրս եկա: Իրա բանալիի վրա կնոպկաներ կան, դրա շնորհիվ ես ավտոմեքենան գտա»:

Երկարուձիգ ճանապարհներով շրջելու ընթացքում, Սաթենիկը թեեւ վնասել էր մեքենան, սակայն ողջ-առողջ գիշերային ակումբ էր հասել: