Փետրվարի 24-ին դպրոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ փետրվարի 23-ին տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Մոլդովական փողոցում գործող հատուկ դպրոցի պատուհանն ու հափշտակել ջեռուցման համակարգի 230 մարտկոց: Վնասի չափը մոտ 900 հազար դրամ էր: Օպերատիվ խումբը Մոլդովական փողոց մեկնեց: Ոստիկանները զրուցեցին ուսուցիչների հետ, ուսումնասիրեցին դեպքի վայրը, պարզելու` որտեղից, ինչ հանգամանքներում է կատարվել գողությունը: Մարտկոցները պատուհանից էին գցել ցած, բայց արդյոք պատուհանով էին մտել: Պատուհանը վնասված չէր, այլ հետքեր չկային: Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ մարտկոցները տեղադրել էին դեռեւս առանց միացման: Այդ քայլին գնացողը հավանաբար տեղյակ էր եղել, որ դպրոցում ներքին հարդարման աշխատանքներ են կատարվում:
Չէր բացառվում, որ ներսի մարդ լիներ, որը կենտրոնական մուտքով էր մտել եւ պահակը ճանաչելով չէր կանգնեցրել: Վարկածը, որ արհեստավորներից կարող էին լինել` հերքվեց:
«Դեպքի վայրում հայտնաբերված հանցանշանների համադրությամբ, ինչպես նայեւ կատարված հարցումների արդյունքում, պարզեցինք, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Նոր Նորքի երկրորդ զանգվածի բնակիչ Վիկտոր Հարությունյանը, որին էլ հաղորդումից ժամեր անց հայտնաբերեցինք Մոլդովական փողոցում եւ բերման ենթարկեցինք ոստիկանության Նոր Նորքի բաժին»,- ասել է ավագ օպերլիազոր Արմեն Առուշանյանը:
Վիկտոր Հարությունյանը ոստկանության բաժնում խոստովանական բացատրություն տվեց: Բացի այդ, փետրվարին` տարբեր օրերին, նույն դպրոցից եւս երեք անգամ ջեռուցման մարտկոցներ էր գողացել, իսկ չէին նկատել, որովհետեւ դպրոցի նախկին շրջանավարտ էր` ազատ ելումուտ ուներ եւ յուրաքանչյուր անկյուն գիտեր հինգ մատի պես:
Տաքսիով էր մարտկոցները տեղափոխել: Վաճառել էր Թոթովենց փողոցի մի բնակչի, որին քրեական հետախույզները նույնպես հայտնաբերեցին: Գողոնն առգրավված է, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քննությունը շարունակվում է:











