Հայաստանում ստեղծված իրավիճակի համար օբյեկտիվ պատճառներ չկան, միակ պատճառը իշխանությունների անգործությունն է։ Այս մասին այսօր՝ մարտի 10–ին, Հրազդանում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հավաքին իր ելույթում ասաց դաշինքի ընտրական ցուցակի երրորդ տեղը զբաղեցնող Վարդան Օսկանյանը։

Այնուամենայնիվ, Օսկանյանի խոսքով՝ իշխանափոխության դեպքում երկրի ներսում եւ սփյուռքում առկա են ռեսուրսներ՝ երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար. նախ Հայաստանի ներսում մարդիկ, որոնք չեն վստահում իշխանություններին եւ իրենց գումարները պահում են բանկերում, ազնիվ իշխանություններ ունենալու դեպքում այդ գումարը կդնեն շրջանառության մեջ։ Բացի դրանից սփյուռքում վստահությունը կվերականգնվի եւ նրանք նորից կսկսեն ներդրումներ անել երկրում։

«Մենք երկար ժամանակ օգտվել ենք ԱՄՆ «Հազարամյակներիմարտահրավերներ»  ծրագրից, բայց իշխանափոխությունից հետո փակեցին»,– ասաց Օսկանյանը։

Օսկանյանի համոզմամբ՝ իշխանափոխության դեպքում հնարավոր կլինի ամեն տարի 1.5–2 մլրդ դոլարի ներդրում եւ դրամաշնորհ բերել Հայաստան։