Այս օրերին Հայաստանում են ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության» (SOAR) բարեգործական նախաձեռնության շրջանակներում։ Հայաստանի հետ սփյուռքի կապը պահպանելու, հայերեն չխոսող եւ ամերիկյան մտածելակերպ ունեցող սփյուռքահայերին Հայաստանի հետ կապելու եւ ԱՄՆ նոր նախագահի պաշտոնավարման շրջանում հայ–ամերիկյան հարաբերությունների հնարավոր փոփոխությունների շուրջ NEWS.am–ը զրուցել է ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի եւ Ֆրեզնոյի Սբ. Երրորդությունն Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տաճատ վրդ. Աշըգեանի հետ։
Դուք բազմիցս այցելել եք Հայաստան տարբեր բարեգործական նախաձեռնություններով: Ո՞րն է ձեր այս այցի նպատակը:
Հայր Տաճատ. Այս այցի նպատակը մեր որբերին հույս ներշնչել է: Իջևանի և Գյումրիի մանկատների 181 որբերին պետք է օգտակար լինենք, բացատրենք, որ դեռ կան հայեր Ֆրեզնոյում և աշխարհի չորս կողմերում, որոնք մտահոգ են իրենց մասին: Ուրախությամբ կնշեմ, որ ամբողջ Ֆրեզնոյի համայնքը իրենց լուման ներդրեցին այս աշխատանքի մեջ: Այս բարեգործական աշխատանքները պետք է շարունակական լինեն։
Ի՞նչ խնդիրներ կան հայ համայնքում, և ի՞նչ աշխատանքներ եք տանում դրանց լուծման համար:
Պերճ Աբգարյան. Այսօր ԱՄՆ-ում նոր նախագահ կա՝ նոր ծրագրերով, նորմոտեցումներով, և նոր նախագահի գերակա նպատակը ԱՄՆ-ի վրա կենտրոնացումն է: Մենք ցանկանում ենք, որ այս շրջանի քաղաքական, տնտեսական փոխհարաբերությունների հավասարակշռությունը, որ պահպանված է եղել նախորդ 25 տարիների ընթացքում, չխախտվի: Այլապես հետևանքները կարող են լուրջ լինել թե՛ նյութական օժանդակության, թե՛ աշխարհաքաղաքական հարցերի շուրջ, ինչպես Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համատեքստում, այնպես էլ Միջին Արևելքի բոլոր երկրների նկատմամբ: Ներկայումս աշխատանք է տարվում, որպեսզի մենք մեր կոնգրեսականների հետ կապի մեջ մտնենք և իրենց հասանելի ձևով բացատրենք, որ իրենց նեցուկ լինելը հայրենիքին շատ կարևոր է: Իսկ լոկալ առումով, ինչպես գիտեք, Ֆրեզնոյի համայնքը ամենահին համայնքներից է: Իմ առաջնակարգ պարտականություններից մեկն է, որ նրանց մեջ հայի ոգին միշտ վառ պահենք։
Հայաստանի կառավարությունը սփյուռքահայերին, գործարարներին կոչ է անում ներդրումներ անել Հայաստանում՝ տնտեսությանը զարկ տալու համար: Ինչպե՞ս է Ֆրեզնոյի համայնքը արձագանքել կառավարության այս կոչին: Արդյոք նրանք պատրաստակամ են ներդրումներ կատարել Հայաստանում և եթե ոչ, ապա ի՞նչն է նրանց զսպում:
Պերճ Աբգարյան. Ֆրեզնոյում հայ համայնքը 3-րդ, 4-րդ սերնդի հայերեն չխոսող հայեր են: Նրանց սիրտը մեծ է, և հայի ոգին նրանց մեջ մեծ տեղ ունի, բայց մենք պետք է աշխատանք տանենք՝ նրանց հայրենիքին ավելի մոտեցնելու: Հարուստ անձինք, որոնք այնտեղ մեծ գործեր ունեն, պետք է գան այստեղ, ծանոթանան, և երբ մոտ լինեն, իրենց աչքով տեսնեն, ավելի հարազատ ձևով կարող են մոտենալ հարցերի լուծմանը, և իրենց լուման ներդնել ու աշխատանք տանել:
Հայր Տաճատ, Դուք ավելի շատ եք շփվում երիտասարդների հետ: Ինչպե՞ս են նրանք տրամադրված նպաստելու հայրենիքին. մնալով սփյուռքո՞ւմ, թե՞, այնուամենայնիվ, ցանկանում են գալ և ապրել Հայաստանում:
Հայր Տաճատ. Ինչպես պարոն հյուպատոսն ասաց, Ֆրեզնոյի համայնքը շատ հին է՝ 3-րդ, 4-րդ, 5-րդ սերնդի։ Արդեն մասամբ հայերեն չեն խոսում և այդտեղ ապրելը, այդտեղից օգտակար լինելը նրանց համար ավելի կարևոր է, որովհետև նրանց մտածելակերպը այլևս միջինարևելյան չէ, այլ ամերիկյան ձևով են մտածում։ Նրանց համար դժվար կլինի այստեղ ապրելը, սակայն նրանց սրտի մեջ հայրենիքը միշտ կա, և ապացույցը այսօր մեր այստեղ գտնվելն է։











