Սյունիքի զարգացման նպատակով պետք է օգտագործվի այն հանգամանքը, որ մարզը սահմանակից է հարեւան Իրանի հետ: Այս մասին այսօր՝ մարտի 11-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Այս պահին Մեղրիում Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու վերաբերյալ բանակցություններ են տարվում, եւ մոտ ժամանակներս ընթացք կտրվի այդ գոտուն: Բանակցությունները կավարտվեն ապրիլի երկրորդ կեսին, երբ հայկական պատվիրակությունն Իրան այցելի»,- ասել է վարչապետը:

Նա նաեւ հավելել է, որ իր առնվազն չորս գործընկերների՝ Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի վարչապետերի քննարկել է այդ հարթակն օգտագործելու ու ներդրումներ անելու հնարավորությունը: Օրերս էլ Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը պայմանագիր է ստորագրել եւ Իրանի որակավորման՝ Հալալի ինստիտուտը Հայաստան բերել. «Այսուհետ մեր արտադրողները համապատասխան սերտիֆիկատը կարող են ստանալ Հայաստանում»:

Կարեն Կարապետյանը, սակայն, գոհ չէ բազմամիլիոն բնակչության հարեւան երկրի հետ ապրանքաշրջանառության ծավալներից: «Այն շատ ցածր է՝ 50-70 մլն դոլար՝ առանց էներգետիկայի: Բայց հնարավոր է այդ թիվը հասցնել մեկ միլիարդի, եւ սա ամպագոռգոռ հայտարարություն չէ»,- ասել է Կարեն Կարապետյանը: