Խորհրդարանում մեկ պատգամավորը ոչինչ չի որոշում, նա պարզապես կոճակ է սեղմում: Ընտրություններում անհրաժեշտ է քվեարկել քաղաքական ուժերի օգտին: Մարտի 13-ին այս մասին հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ Արագածոտնի մարզի վարչական կենտրոն Աշտարակում նախընտրական հանրահավաքում ելույթ ունենալիս:
Ծառուկյանի խոսքով՝ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը մշտապես վատթարանում է, բնակչությունն ուժասպառ է լինում բարձր տոկոսադրույքներով վարկերի պատճառով: Միաժամանակ, ընտրողների հետ հանդիպումների ժամանակ շրջանների բնակիչների աչքերում կարելի է հույս տեսնել: «Հաղթելու դեպքում մեր առաջին որոշումներից մեկը կլինի ծերության թոշակները 25 հազար դրամով ավելացնելը, որի համար տարեկան կպահանջվի 100 մլն դոլար: Միայն 2016 թվականին ճանապարհներին արագաչափերի աշխատանքի շնորհիվ բնակչությանը տուգանել են 53 մլն դոլարով, ահա եւ անհրաժեշտ գումարի կեսից ավելին: Ես համոզված եմ, որ եթե բնակչության կյանքի պայմանները բարելավվեն, արտագաղթածների նվազագույնը 70-80 տոկոսը հայրենիք կվերադառնա»,- ասաց Ծառուկյանը:
Հերթական անգամ կրկնելով իր հավաստիացումները, որ իրեն փող եւ պաշտոն պետք չէ, նախընտրական դաշինքի առաջնորդը դժգոհեց քաղաքական ընդդիմախոսներից, որոնք բոցավառ ելույթներով փորձում են մոլորեցնել ընտրողներին: Գագիկ Ծառուկյանը կոչ արեց հավատալ ոչ թե այդ ելույթներին, այլ կոնկրետ գործերին՝ ավելի մանրամասն չպարզաբանելով, թե իր դեպքում խոսքն ինչի մասին է:
Այնուհետեւ հաջորդեցին նախընտրական խոստումները բանկերի տրամադրած վարկերի տոկոսադրույքները մինչեւ 2-5 տոկոս նվազեցնելու, տնտեսության առողջացման համալիր ծրագրի իրականացման մասին, որի հիմքում կդրվեն հարկերի նվազեցումը, փոքր եւ միջին բիզնեսին հարկերից ազատելը: Ծառուկյանը առիթը բաց չթողեց երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակի համար մեղադրելու նաեւ իրենց՝ ընտրողներին, քանի որ ընտրություններում շատերը քվեարկում են ոչ թե խղճի մտոք, այլ այս կամ այն ծանոթի հորդորանքով:
«Ոչ մի նոր ծրագրի կարիք չկա, մենք բոլոր խնդիրներին տեղյակ ենք, հարկավոր է միայն վերականգնել այն, ինչը եղել է խորհրդային տարիներին: Ռուսաստանը եւ արաբական երկրները մեծ շուկա են: Հայաստանի բնակիչների համար հարկավոր է պայմաններ ստեղծել, որ մարդիկ կարողանան աշխատել եւ արտադրանքն արտահանել: Առավել եւս, որ մեր մրգերը եւ բանջարեղենը աշխարհում էկոլոգիապես ամենամաքուրն են»,- եզրափակեց Ծառուկյանը:











