«Ծառուկյան» դաշինքի թեկնածու Լյովա Խաչատրյանի կարծիքով՝ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն ընթանում է «խայտառակ» ձեւով: Այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ մարտի 1-ից սկսված նախընտրական քարոզարշավը միայն իմիտացիա է:
«Քարոզարշավ գոյություն չունի, սկսվել է առք ու վաճառքը: Գոյություն ունի քարոզարշավի իմիտացիա, ինչ-որ տեղեր, ինչ-որ մարդկանց բռթում, հավաքում տանում են, կարծես թե հանդիպումներ են ունենում»,-ասաց նա:
Լյովա Խաչատրյանի խոսքով՝ «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը տարբերվում է մյուս քաղաքական ուժերի քարոզարշավից:
«Հավաքների իրական եւ ոչ իրական լինելը տարբերվում է մարդկանց դեմքից՝ եկել են, թե քշել, բերել են: Մեզ մոտ հավաքներն ինքնաբուխ են՝ գալիս են, իրենց խնդիրներն են բարձրաձայնում, ասում են փրկեք՝ միակ հույսը դուք եք, Ծառուկյանին ասում են՝ փրկեք, միակ փրկությունը դուք եք»,-ասաց նա:
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության թեկնածու Բագրատ Եսայանը, սակայն, նախընտրական քարոզարշավի ընթացքը նորմալ գնահատեց:
«Ես համաձայն չեմ պարոն Խաչատրյանի գնահատականների հետ: Քաղաքական ուժերն իրենց հնարավորությունների չափով անցկացնում են քարոզարշավը, որոշ ուժեր էլ օգտագործում են միայն հեռուստացույցը, երեւի իրենց հնարավորություններն այդքան են»,-ասաց նա:
Բագրատ Եսայանի խոսքով, Հայաստանում միակ քաղաքական ուժը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է, նրա խոսքով կարձանագրվի Դաշնակցության գաղափարական հաղթանակը եւ ժողովուրդը կընտրի այդ քաղաքական ուժին:
«Մենք մի քանի անգամ արդեն ասել ենք, եթե Հայաստանում կա քաղաքական ուժ՝ ՀՅԴ-ն է: Ես ուրախ եմ, որ անցած 26 տարիները հանգեցրին տրամաբանական այն կետին, որ վերջապես Դաշնակցության գաղափարները բոլորի կողմից ընդունվեցին, բայց կուսակցությունն այսօր մեծամասնություն չի կազմում: Ես հույս ունեմ, որ այս ընտրություններին կարձանագրվի Դաշնակցության գաղափարական հաղթանակը եւ ժողովուրդը մեզ ձայն կտա»,-ասաց նա:











