Ժողովուրդը պետք է գիտակցի, որ ինքն ապրանք չի: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ելք» դաշինքի ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր շանսերը Կոտայքի մարզում, որտեղ ինքը եւս թեկնածու է առաջադրված, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Իմ բոլոր անցած ուղիները դժվար են եղել ու ես հաղթահարել եմ։ Իմ սպասելիքն իմ ժողովուրդն է։ Մարդիկ գալիս հոխորտում են, թե մեծ կապեր ունենք Հայաստանում, այն անձինք, որոնք գերհարստացած են ժողովրդի հաշվին եւ ուզում են գնել իմ ժողովրդին: Ժողովուրդը պետք է գիտակցի, որ ինքն ապրանք չի։ Ես կոչ եմ անում ժողովրդին եւ հատկապես Հրազդանում, թույլ չտաք, որ նման մարդիկ ձեր ինքնասիրությանը կպնեն: Դուք ապրանք չեք, որ գան ձեզ գնեն: Թող նրանք նորմալ պետություն կառուցեին, նման սոցիալական վիճակի չարժանանար ժողովուրդը»:

«Ելք»-ի թեկնածուն ընդգծեց, որ ինքը 4 անգամ պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով. «Ես ուրիշին թալանելով ու գռփելով չեմ ճանաչելի դարձել, այլ իմ ծառայություններով, 4 անգամ ընտրվել եմ մեծամասնական համակարգով: Եղել եմ Հրազդանի առաջին քաղաքապետը»,-ասաց նա: