Հայաստանի ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ եթե մարդը փող չունի, նա ոչ մի բան չի կարող ստանալ՝ ո՛չ տուն, ո՛չ բժշկական օգնություն: Այս մասին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Նախապես դպրոցում նախատեսված հանդիպումը արդյունքում տեղի ունեցավ գարնանային բաց երկրնքի տակ: Լսարանի հիմնական մասը ավագ սերնդի տիկնայք էին եւ երեխաները, որը, հնարավոր է, պայմանավորված էր հանդիպման անցկացման վաղ ժամով:

Հանդիպումը բացեցին ռեյտինգային թեկնածուներ Հեղինե Բիշարյանը, Արփինե Միքայելյանը, Հովսեփ Շահինյանը, Գուրգեն Գեւորգյանը եւ Հարություն Ավետիսյանը:

Կուսակցության առաջնորդն ավանդաբար ներկայացրեց արդեն կատարած աշխատանքը, այնուհետեւ խոսեց գոյություն ունեցող խնդիրների մասին: «Երկրում մի մարդ չկա, որ չխոսի փոփոխությունների անհրաժեշտության մասին: Սակայն խոսելը քիչ է, պետք է քվեարկության գնալ եւ ճիշտ ընտրություն կատարել»,- հայտարարեց Բաղդասարյանը: Հակիրճ ներկայացնելով կուսակցության ծրագիրը՝ նա հիշեցրեց, որ իրենք առաջարկում են շքեղության հարկ մտցնել, որի համաձայն մեծահարուստները ավելի շատ հարկ կվճարեն, քան միջին դասը, սահմանափակել սուպերմարկետների թիվը, որոնց հետ մրցակցությանը փոքր խանութները չեն դիմանում, արտասահմանյան ընկերություններին արգելել մշակել ընդերքը, բարձրացնել թոշակները եւ նպաստները, վերականգնել արդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը, փոխել բուժօգնության պետպատվերի տրամադրման մոտեցումը:

Արթուր Բաղդասարյանը չշրջանցեց նաեւ ընտրողներին կաշառելու հարցը: «Եթե առաջնորդվենք նման երեւույթի թույլատրելիության տրամաբանությամբ, ապա, պատկերացրեք, որ կգտնվի մեկը, ով կկարողանա կույտով գնել»,- հայտարարեց Բաղդասարյանը՝ նկատի ունենալով արտաքին հակառակորդներին:

«Համոզված եմ, որ դուք մեր, Հեղինե Բիշարյանի օգտին կքվեարկեք, որ նորից նրա ձայնը լսեք»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը:

Հանդիպման ավարտին կուսակցության առաջնորդին մոտեցավ մի տարեց կին (Դունյա Հովսեփյանը) եւ մարտականորեն հայտնեց, որ իր ընտանիքը նրա օգտին կքվեարկի, բայց եթե նա այս պատասխանատու առաքելությունը ձախողի, ինքը պատրաստ է նրա նկատմամբ հաշվեհարդար տեսնել: