Եթե Ջրառատում տեղի է ունեցել հանցագործություն, պետք է պատժվի, անպայման իրավապահների արձագանք պետք է լինի: Այդ մասին այսօր՝ մարտի 14-ին NEWS.am-ի հետ զրույցում նշել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Հարցին՝ արդյոք վստահ է, որ հավասարաչափ քննություն կլինի, չէ՞ որ դրա կոչն արել է Սեյրան Օհանյանը եւս, Արփինե Հովհաննիսյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ ինձանից լավ գիտեք, որ ես այն անձը չեմ, ով կարող է նման բան երաշխավորել։ Բայց որպես ՀՀԿ ներկայացուցիչ, կարող եմ երաշխավորել, որ բազմակողմանի, լրիվ, պատշաճ քննություն տեղի կունենա։ Այս ամենը պետք է խստորեն պատժվի եւ ամենխիստ ձեւով արձագանք պետք է լինի»։

«Եթե կան մարդիկ, որոնք տարբեր պատճառներով, սեփական ամբիցիաների, սխալ պահվածքի, ոչ ադեկվատ ընկալման նման այլ պատճառներով  վարքագիծ են դրսեւորում, այլ կարծիք չի կարող լինել»,- նշել է նախարարը։

Արփինե Հովհաննիսյանն ասել է, որ ի պաշտոնե եւս չի կարող դեպքի մանրամասների վերաբերյալ  տեղեկատվություն տիրապետել։ Իրավապահները պետք է քննություն իրականացնեն եւ պատշաճ արձագանք տան։

Հարցին, թե ինչ է սպասվում Լեռնիկ Երանոսյանին, որը, ըստ հրապարակումների՝ կրակոցներ արձակողն է, Արփինե Հովհաննիսյան ասել է. «Անկախ նրանից, թե ով  է իրականացրել, ովքեր են միջադեպի կիզակետում գտնվողները, արձագանքը պետք է լինի միեւնույնը։ Վերաբերմունքը պիտի լինի նույնը եւ խիստ։ Անձնավորված տարբերակում չկա, տարբերություն չկա, թե ովքեր են»։

Նշենք, որ մարտի 12-ին եւ այսօր՝ մարտի 14-ին, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում միջադեպեր են գրանցվել: